1.28.2013

Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Այն վարում է հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը:

«Ազատություն». - Իսկ ինչպե՞ս եք այս հարկերը գանձելու։

Հրանտ Բագրատյան. - Շատ հանգիստ, շատ հանգիստ։

«Ազատություն». - Եթե այդ մարդիկ թաքցնում են... Ենթադրենք,  ասում եք՝ խոշոր բիզնես, այդ խոշոր բիզնեսը տրոհված է մի քանի բիզնեսների...

Հրանտ Բագրատյան. - Սպասեք, սպասեք, այդտեղ է շան գլուխը թաղված։ Սա կոչվում է դարձ ի շրջանս յուր։ Գալիս է մի պահ, երբ որ մարդը ասում է՝ «լավ, ես իմ բիզնեսը կիսում եմ մի քանի հատվածի». եթե դա անում է՝ մենք արդեն հասանք ինչ-որ նպատակի, հետ դառանք խոշորից նորից փոքրին, հասկանո՞ւմ եք։ Սա է մոդելը։

«Ազատություն». - Բայց բանն այն է, որ այդ ամենը պատկանում է մի մարդու։

Հրանտ Բագրատյան. - Թող պատկանա։ Չի կարող ինքը ցրել, թող ինքը փայ ունենա մեջը` դա  էլ հսկման ձեւ է։ Շատ հաճախ, երբ որ ասում են՝ ինչպես ենք հսկելու, հիմա էլ շատ լավ հսկում են, ուզենան՝ կհսկեն։ Ամբողջ հարցը նրանում է, որ ստվերային տնտեսությունը հենց իրենք են։ Չկա մի հազար դոլար, որի տեղը Հարկային տեսչությունը չգիտի՝ ինչպե՞ս չգիտի։ Իսկ ինչ վերաբերում է մինչեւ 50, նույնիսկ 90 տոկոս մոնոպոլիաներին՝ այո, կան մոնոպոլիաներ, որոնք մարդիկ արել են այնպես, որ պարզապես ոչինչ չանելով փող են աշխատում, ոչինչ չանելով։

Այսօր հանրապետությունում շատ խոսվում է Carrefour-ի [ֆրանսիական սուպերմարկետների ցանց] թեման, բոլորը հետեւում են՝ Carrefour-ը կհաջողի՞, թե՞՝ չէ։

Ասենք, մարդը ունի որոշակի բիզնես՝ ներմուծում է դեղ, ներմուծում է վառելիք, ներմուծում է շաքար։ Նույնիսկ գնում են, փորձում են շաքարի գործարան կառուցել՝ լավ իմանալով, որ երբեք չի աշխատելու, որ հետո ասեն՝ «մենք իրավունք ունենք այս մենաշնորհը ունենալու»։

Ես սրան դեմ եմ։ Ես չեմ ուզում, որ շաքարի տեղը մենք շաքարեղեգ բերենք, որ 7 անգամ ծավալով ավել է, բայց ես չեմ ուզում որոշում կայացնել, ես ուզում եմ շուկան կարգավորել։

Եթե դուք դեղի կամ այսինչ հարցում ստացել եք, հայտնվել եք մենաշնորհի դերում, եկեք նայենք՝ այդ մենաշնորհը ինչով է պայմանավորված։ Եթե մենաշնորհը պայմանավորված է բնական գործոններով՝ ես կարող եմ հասկանալ, եթե մենաշնորհը պայմանավորված է ձեր ճնշումներով շուկայի վրա, այստեղ մենք կարող ենք ասել՝ «գիտեք ինչ կա, ուրեմն ձեր շահութահարկը բարձրացնում եմ ես»։ Սա վերաբերում է միայն մենաշնորհներին։



«Ազատություն». - Պարոն Բագրատյան, հիմա մենք գիտենք, որ օլիգարխները մեր տնտեսության համար իսկապես շատ մեծ խնդիր են ստեղծում, մենաշնորհներ են, գիտենք, մենաշնորհ դիրքի չարաշահում։ Ի՞նչ եք Դուք անելու այս մենաշնորհների դեմ, օլիգարխների դեմ, կամ ընդհանրապես՝ պատրաստվո՞ւմ եք նրանց դեմ պայքարել։

Հրանտ Բագրատյան. - Լուծումներից մեկը խոշորացված հարկն էր, հարկումն էր՝ մեկ։ Երկրորդը, դուք կտեսնեք, որ, սա արդեն իշխանության կամքից է կախված, մեր մոտ գործնականում օլիգարխիա չկա՝ մեր մոտի օլիգարխիան պարզապես Հայաստանի ղեկավարի թույլտվությամբ գործող ընկերություններ են, տառացիորեն ընտրվելուց երեք ժամ հետո զրույց կլինի դեռեւս չփոխված Մաքսային ծառայության պետի հետ, որ՝ բոլորին միատեսակ վերաբերմունք, բոլորին։

Ի դեպ, այդ մենաշնորհները օրենքով չեն Հայաստանում՝ շատերը, մեծ մասը։ Այսինքն, մարդը իրավունք ունի կարագ բերի, բայց այդ մարդու կարագը կարող է մաքսազերծեն, ենթադրենք, մի քանի ամիս՝ մինչեւ կհալվի գծերի վրա։ Մի քիչ կոպիտ, չափազանցված եմ ասում։ Սիգնալ է գնում՝ «արգելափակեք, դժվարացրեք, ինվոյսի գինը բարձրացրեք, դառնա ոչ շահավետ»։ Հիմա փորձում են տնտեսական ձեւերով արդեն՝ առաջ նույնիսկ կարող էին մոտենալ ֆիզիկական ճնշում գործադրել։

Երրորդ, սա էլ քիչ է։ Մենք կունենանք մասնավոր մաքսային ծառայություն՝ մասնավոր, բրոկերների ինստիտուտ կբերեմ, որոնք կմաքսազերծեն։ Եվ մարդը գալուց կորոշի, ասենք, Բագրատաշենում ո՞ր մաքսային ծառայությանը դիմի։ Ընտրություն պիտի ունենա մարդը։ Եվ ես կարծում եմ՝ զգալիորեն կթուլանա։

Բացի դա, մոդել ենք առաջարկում՝ երբ որ շատ եք հարստանում՝ հարկը բարձրանում է, շատ իմաստ չունի հարստանալ։ Կամ դիվերսիֆիկացվեց ձեր գործունեության ճյուղը՝ դարձրեք փոքր ձեռնարկություններ, կամ էլ, լավ իմացեք, ասենք, երբ որ դուք բացում եք «Սթար» սուպերմարկետների ցանց, հետո մի օր փակվելու է՝ միեւնույն է, դա լավը լինել չի կարող, ասենք, այս կամ այն պատճառով, դուք պետք է հիշեք, որ հարյուրավոր փոքր խանութներ արդեն սնանկացրել եք։

«Ազատություն». - Պարոն Բագրատյան, այսպիսի հետաքրքիր մի կետ կա Ձեր այս ծրագրում՝ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների խրախուսման վերաբերյալ։ Օրինակ, ես անձամբ, ապրելով արտասահմանում, օգտվում եմ այս ծրագրից, եւ շատ լավ ծրագիր է։ Բայց այստեղ հնարավո՞ր է դա։

Հրանտ Բագրատյան. - Այստեղ արդեն կա՝ կուտակային կենսաթոշակային հիմնադրամ պետությունը ուզում է ստեղծել, օրենք է ստեղծել։ Մենք ասում ենք՝ սա լավ է, բայց պետական կենսաթոշակային համակարգը, իսկ նույն ծրագրում մենք դա՝ կենսաթոշակները կապում ենք միջին աշխատավարձի հետ նորմատիվով, սա պահպանենք, մանավանդ որ հիմա կենսաթոշակային տարիք է մտնում այն սերունդը, որը 90-ականներին պիտի գար իշխանության, մենք, այսպես ասած, նրան շրջանցելով՝ եկանք առաջ ընկանք, որովհետեւ 90-ականներին առկա էր ոչ թե էվոլյուցիոն, այլ ռեւոլյուցիոն փոփոխությունների պահ։ Հիմա, բացի դա, մենք ասում ենք՝ թույլ տանք մասնավորին, այսինքն՝ դուք մուծեցիք հաջորդ՝ ձեզնից հետո եկող սերնդի համար, այսօր որին պետք է թոշակ տան՝ սա պետությունն է տալիս, մի հատ էլ՝ մասնավոր՝ նաեւ սկսում եք մուծել ձեր ապագայի համար։

«Ազատություն». - Պարոն Բագրատյան, նաեւ այս Ձեր «100 քայլի» վերաբերյալ՝ 57-րդից մինչեւ 77-րդ քայլը շատ մանրամասն ավելի շատ բանկային համակարգի մասին է, բանկային համակարգի բարեփոխումների, ու շատ կարեւոր է, իհարկե, շատ–շատ կարեւոր է, բայց չե՞ք կարծում, որ նախընտրական ծրագրում շարքային հայաստանցու համար դա մի քիչ կարող է դժվարընթեռնելի լինել, դժվարըմբռնելի լինել՝ ինչո՞ւ եք սա ընդգրկել։

Հրանտ Բագրատյան. - Գիտեք, եթե ես ձեզ ասեմ, որ Չինարի գյուղում երեկ չէ մյուս օրը բոլորը բանկային համակարգի ռեֆորմից էին հարցնում, դա ճիշտ չի լինի։ Բայց հասկացեք, մեր տնտեսությունում այսօր ես տեսնում եմ երեք կամ չորս խոշոր պրոբլեմ: Առաջինը՝ կոնցենտրացիան հարստության, կենտրոնացումը շատ բարձր է, որովհետեւ կենտրոնացման այնպիսի աստիճան կա, որ հարուստներն էլ արդեն չեն կարողանում հարստանալ, որովհետեւ էլ չեն կարող աղքատների հաշվին հարստանալ՝ շատ աղքատ են աղքատները։ Տեսե՞լ եք, որ Կենտրոնական բանկը հա՛մ կարգավորի, հա՛մ վնասի, տեսե՞լ եք՝ վերահսկողն ու կարգավորողը մեկը լինի։ Բա չասե՞մ սա։ Հիմա սա դառել է բշտիկի պես։ Եթե մենք չենք կարողանում փոխել Կենտրոնական բանկը, ասենք, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի պատճառով, մենք պետք է գնանք արդեն գյուղացիներին բարձրացնենք ոտքի։  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում