5.18.2012

Խոկումներ Խրիմյան Հայրիկից

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ. «Տե՛ր, ի՞նչ է այս Քո օտար ու նորանշան գործը: Մարդիկ Խաչից խույս են տալիս, Դու դեպի այն ընթացար: Մարդիկ Խաչի մահն անարգանք են համարում, բայց Դո՛ւ, փառաց Տեր, Խաչը Քեզ փառք համարեցիր»:
«Տե՛ր, Դու փափագեցի՛ր Խաչը, գիտեմ, քանզի անհուն սիրովդ արբած՝ մարդկության փրկության համար դեպի մահը գնացիր, կախվելու Սաբեկա ծառից, որպեսզի Քո Հայրը հեռացնի վրեժխնդրության սուրը, որ բարձրացրել էր աշխարին հարվածելու»:

  «Ես գիտեմ,- գրում է Խրիմյան Հայրիկը,- թե Հիսուսի, խաչի և «Խաչի ճառ»- ից ինչու համար եք խուսափում: Մի՞թե կարծում եք, թե «Խաչի ճառը»-ը չարչարանք, թշվառություն բերեց այս աշխարհ: Ո՛չ, մի՛ զրպարտեք, Մովսեսն իր օրենքով, Հիսուսն իր Ավետարանով թշվառություն չբերեցին աշխարհ, այլ կյանք և երջանկություն: Հիշեցե՛ք և մի՛ մոռացեք ձեր նախնի կրոնամոլության վիճակը: Դուք ի՞նչ էիք երկու հազար տարի առաջ, կարդացեք ձեր հեթանոսական պատմությունը և ամաչեք: Համեմատեք ձեր անցյալ կյանքը ներկայի հետ, ու պիտի տեսնեք, որ քրիստոնեությունն ու «Խաչի ճառը»-ն այս աշխարհը հեղաշրջեցին դեպի լավագույն կյանք...»:
 «Ողբով ու կոծով մեր կորսված դրախտը միթե կարո՞ղ եմք գտնել. թոզ մեր աչքը լա, մեր սիրտն զգա, բայց աշխատինք մտքով, աշխատինք ձեռքով, մեր կյանքն ու վիճակը գտնել և դորա միջոցն է միմիայն` ընտանիքը վերանորոգել»,— գրում էր նա «Դրախտի ընտանիքում»: 
 «ներքին զեղծումներն զհայրենիք ավելի կը դավաճանեն, քան թե օտար թշնամիք»:
 Խոսելով մարդկային անհավասար կյանքի, աղաղակող ընկերային անարդարությունների մասին` Հայրիկը գրել է. «Երբ ժողովուրդն ընդհանուր մեր ընկերական կյանքին մեջ այսչափ մեծամեծ պարտիքներ կը կատարե, զօր հանապազ չարաչար կը տքնի և քիրտն կը թափե մարդկային հառաչադիմության համար. ո~հ, քանի՞ դառն ու դժվար է որ յուր հառաջ բերած անբավ արդյունքեն խիստ նվազ ու հոռի մասն կը վայելե»
 Հետաքրքիր դիտողություններից արժանի է հիշել ևս մեկը, որով մերժում է սպասողական, համբերող, հայեցողական դիրքորոշումը. «Մեծապես և առավել կը սխալին ժողովուրդներ ունայնամիտ հույսերով, երբ իրենց բաժնին և ուժին չափով հառաջդիմությա՚ն ճանապարհ չեն բանար, այլ հեղգամիտ լինելով ամենայն ինչ կառավարութենեն կը սպասեն»
 Խրիմյան Հայրիկի համոզմամբ միամտություն է ուրիշերի հետ հույսեր կապելը: Դա հավասար է ինքնասպանության: «Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց, — ասում էր նա մի այլ առիթով, – բավական է, որ թե՛ տարաշխարհիկ գաղթական հայեր, և թե' Բյուզանդիոնի պանդուխտ հայեր հիշեն մեր հայրենյաց չարչարյալ որդիքներ և լան: Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր»:
 Նա անհրաժեշտ է համարում ժողովրդի մեջ վառ պահել հավատը, հորդորում է չհուսահատվել, սպասելով, որ «օր մի ևս Երկինք այդ կենդանարար ցող Հայոց դաշտերուն վերա կը ցողեյ դու կտեսնես թե ինչպես Հայոց աշխարհն ևս կը վերածնի հրաչյուք: Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք, և Աստված մեր օգնականն է»:
 
Շատ ուշագրավ է մի մանրավեպ, որ վերաբերում է Հայրիկի կաթողիկոսության շրջանին և ժամանակին պատմել է մեծն Կոմիտասը: Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին:
— Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ. քանի՞ տարվան կենթադրե:
— Հինգերորդ դարի, - փորձում է գուշակել հնագետը:
— Անկեց ալ հին, – հուշում է կաթողիկոսը:
— Քրիստոսի ժամանակվա:
— Անկեց ալ հին:
Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության.
— Տեսնեմ, Վեհափառ, ինչ է այդ թանկագին հնությունը:
— Իմ ազգս է, — կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը, – Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք:

 Մկրտիչ Խրիմյանի ամբողջ կյանքը որոնումը եղավ ճշ մարտության և արդարության: Նա դառնությամբ արձանագրեց, որ քաղաքակրթությունը «դեռ մահ կը բերե, դեռ մարդոց համար սպանության գործիքներ կը հնարե: Քուն և հանգիստ չունին աշխարհիս տիրապետներ և դիվանագետներ, վիշապի նման տուտի վերա կեցած կը ֆշան, կը սպառնան, և ի՞նչ կը խնդրեն` պատերազմ»: Ո՞րն է «դարմանը այս մեր հիվանդ և թշվառ աշխարհին», — հարցնում էր մեծ մարդասերը և պատասխանում. «Ընկերասիրությունն ու միաբան զորությունն»:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում