2.18.2012

ՍԻՐԻ'Ր ՔԵԶ, ԻՆՉՊԵՍ ՔՈ ՄՏԵՐԻՄԻՆ

Բանաստեղծը սա հումորով կընդուներ, փիլիսոփան`լուրջ, բայց սերն իր նկատմամբ իրականում մարդու առաջին պարտականությունն է: Ոչ ոք, իհարկե, չի սիրում ինքնահավաններին, իսկ շատ հրաշալի մարդիկ տուժում են ինքնաանբավարարությունից: Բայց իրեն բոլորովին չսիրող մարդը սարսափելի է: Միայն նա, ով վստահորեն, առանց կոտրատվելու սիրում է իրեն, ի վիճակի է սիրելու ուրիշներին. նայեք ամենահմայիչ, բարի և պարզ մարդկանց ու դուք կհամոզվեք, որ դա այդպես է: Նրանք այնպես հանգիստ են սիրում իրենց, որ հարկ չեն զգում այս սերը պահել ոչ մի ինքնահաստատմամբ. նրանց պետք չէ ծածկել թերությունները և չափից դուրս վախենալ ծաղրից ու քննադատությունից: Այդ սերը բնական է, նրանում ոչինչ տանջահարված չէ, դրա համար էլ աննկատ է: Այդպիսի մարդիկ միշտ սիրելի են և ապացուցում են, որ սեփական եսի նկատմամբ տածած սերը ոչինչ ընդհանուր չունի ինքնահավանության  հետ ու բոլորովին այն չէ, ինչն անվանում են եսասիրություն, եսակենտրոնություն:
  Դա ամենից շատ մոտ է նրան, ինչպես դուք վերաբերվել եք ձեզ հետ բոլորովին երեխա ժամանակ . դա կենդանի էակի խելոք և աներկյուղ արժանապատվություն է, առանց ուրիշների արժանիքները ոտնահարելու սեփական արժանիքների բնազդական զգացողություն է դա: Դուք այն ժամանակ դեռևս չգիտակցելով, ձեր մեջ սիրել եք ողջ աշխարհը և եզակիի անկրկնելի յուրօրինակությունը, որն իրականում դուք եք: Դա գեների նախշ է, դա հիշողության  գրադարան է, դա կենդանի է, զգացող է, տարօրինակ է, ծանոթ է, փոփոխվող է, այդպիսի արարած երբեք չի եղել և այլևս չի լինելու` և այդ դուք եք: Ձեր յուրաքանչյուր հատկությունն ու որակը, կամ ինչ-որ նման բան, կարող է պատահել և հնարավոր է առանձին-առանձին գտնել որևէ մեկի մեջ, բայց նրանց համակցումը գիտակցական կյանքում միակն է:
  Անհատը և' երիտասարդ է, և' տարիքով է քաղաքակրթությունից: Յուրաքանչյուրը, հայտնի ընդունակություններից զատ, ժամանակի պահանջմունքների համեմատ, վերցնում է իրենը, վերցնում է և "Ա" անհայտը, արդեն կամ դեռևս ոչ անհրաժեշտը: Միանգամայն հնարավոր է, որ այս գիրքը հիմա կարդում է Գերագույ Արմատներ Հավաքողը<նախանձավային շրջան>, կամ Մեծ Շամանը<բարբարոսություն> կամ Հեռազգացողության Բազմամարտի Աշխարհի չեմպիոնը<երեսուներորդ հարյուրամյակ>, այժմյան վեցերորդ կարգի խառատը:
  Մենք լռակյաց հանելուկների դամբարան ենք: Եթե չլիներ այդ բազմածավալ, մարդկային գլխում շիկացած առեղծվածային անորոշ ուղեղային առատությունը, ինչպե՞ս կարող էր յուրաքանչյուր դարաշրջան իր համար հայտնագործել իրեն հարկավոր, միշտ տարբեր ու անկրկնելի հանճարներին:
  Մի՞թե ակնհայտ չէ, որ ցանկացած մարդ անհամեմատ մեծ է, լայն է. խորն է, քան կարողանում է բացահայտվել, դա լինի մասնագիտություն, բանաստեղծություն, թե արտաքին: Գնահատականի ցցերը, որոնց վրա մենք միմյանց նստեցնում ենք, ծիծաղելիորեն փոքր են ու բութ: Իրենում չբացահայտված գաղտնիքը, անցյալի, ներկայի և ապագայի նստվածքը արժե սիրել: Բոլոր տեսակի ինքնակատարելագործման առաջին պայմանը, այդ թվում և անկատարի, ստորինի, որի մասին այս գրքում խոսվում է,  ի ն ք ն   ի ր ե ն   ը ն դ ու ն ե լ ն   է, ինքն  իրեն  սիրել ու իրավունք տալն է . բոլոր թերություններով հանդերձ, ոչնչից և ոչ ոքից անկախ ինքն իր հետ լինելու իրավունքն առաջնահերթ է:
  Միայն իր նկատմամբ այդպսի վերաբերմունքի դեպքում միտք ունի և իր վրա աշխատելը. ինչու՞ կատարելագործել այն, ինչը չես սիրում :
  Գրող և հոգեբան բժիշկ, բանաստեղծ, բժշկական գիտությունների թեկնածու` Վլադիմիր Լեվի "Ինքնատիրապետման արվեստը" -գրքից:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում