1.04.2012

ԱՄԱՆՈՐ, Ս. ԾՆՈւՆԴ

ԱՄԱՆՈՐ, Ս. ԾՆՈՒՆԴ

 Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում են Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել: Նա Ս. Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: <<Սանտա Կլաուս>> թարգմանաբար սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգեւ Աստծուց:
Հայ ժողովուրդի մեջ ընդունված է Ամանորը կոչել նաև Կաղանդ: Այն նշանակում է որեւէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է տարեմուտի իմաստը:
Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը:
Ս. Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Իր թե
՜ նշանակությամբ, էությամբ, թե՜ խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդյանը: Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է, և իր մեջ որևէ խորհուրդ չունի: Իսկ Ս. Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր և անվերջանալի սկիզբ: Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունն իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս և Քրիստոսի Ծնունդից հետո:
Ս. Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ:
Հոգևորականները հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգևոր վիճակի մասին և ստանալ Աստծո օրհնությունը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ դեկտեմբերի 31-ի գիշերը Երևանի կենտրոնական եկեղեցիները մինչև առավոտյան ժամը 2.00-ը բաց կլինեն:


ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:
Ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը:
Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են <<Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի>>:
Ի՞նչ է Ճրագալույցի Ս. Պատարագը
Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Ս. Ծննդյան այլ արարողություններ
Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը: Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար /մեծ, գլխավոր/ տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:


Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում