8.17.2012

Ինչպես են ոչնչացնում Հայաստանը: (3)

Հայաստանի քաղաքական ու լրագրողական շրջանակներում քննարկվում է հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը Պուտինից «դաբրո» է ստացել իր հետագա առաջադրման եւ պաշտոնավարման համար: Իհարկե, եթե խնդրին մոտենանք նորմալ տրամաբանության տեսանկյունից, նման քննարկումն արդեն իսկ կնշանակեր տվյալ երկրի հասարակական-քաղաքական կյանքի լիակատար դեգրադացիայի նշան: Սակայն, Հայաստանի պարագայում, կարծես թե նորմալ է հենց նման իրավիճակը:Բնականաբար, քանի որ Հայաստանում պետական ինստիտուտները, քաղաքական, տնտեսական եւ կենսագործունեության մյուս ոլորտներն ուզուրպացրել ու իրար մեջ կիսել են ապաքաղաքական քրեաօլիգարխիկ խմբավորումները, ապա խոսք չի կարող լինել անկախ պետականության եւ արդյունավետ պետական համակարգի մասին: Այս խմբավորումների գործունեությունը հանգեցրել է բնակչության զանգվածային արտագաղթի, պետական ինստիտուտների դեգրադացման, երկրի ինքնուրույնության եւ իմունիտետի կորստի:Այս խմբավորումները, որոնք զուրկ են ներքին որեւէ լեգիտիմությունից եւ խնդիր ունեն պահպանել սեփական դիրքերը, ներկայում պատրաստվում են երկիրը վերջնականապես հանձնել Ռուսաստանին, «Եվրասիական միությանն» անդամակցելու ձեւով:Ռուսաստանը հայկական քրեաօլիգարխիկ համակարգի «տանիքն» է:
Այս համակարգին բերելով իշխանության, Մոսկվան նրա միջոցով վերահսկողության տակ է պահել Հայաստանը. սեփականացրել է երկրի կարեւորագույն ենթակառուցվածքներն ու հզորությունները, ոչնչացրել քաղաքական համակարգը, զրկել տնտեսությունը դիվերսիֆիկացման եւ զարգացման որեւէ հնարավորությունից՝ ապահովելով համակարգի մենաշնորհները, եւ ստացել, հայ ռուսամետներից մեկի խոսքով՝ երկու միլիոն «պատանդ»՝ հայաստանցի աշխատանքային միգրանտներ, որոնց միջոցով ապահովվում է Հայաստանի մնացյալ բնակչության նվազագույն գոյությունը:Ահա, նման պայմաններում, Ռուսաստանն արդեն ձեռնամուխ է եղել Եվրասիական առայժմ գոյություն չունեցող միությանը Հայաստանին ներգրավելու գործին: Դրա համար Մոսկվան գործի է դրել շանտաժի բավական ազդեցիկ միջոցներ՝ գազի գինը, ատոմակայանը, պատերազմի սպառնալիքը, թուրքական վտանգը եւ այլն: Եվ ամենակարեւորը՝ քրեաօլիգարխիկ համակարգը եւ նրան ենթարկեցված քաղաքական կուսակցությունները, որը «արեւմտյան թեթեւ քամուց» վտանգ է զգացել իր ունեցած դիրքերին, եւ ոչ մի բանի առջեւ կանգ չի առնի դրանք պահպանելու համար:Արդեն գործի է դրվել Հայաստանի «եվրասիական երգչախումբը». ԲՀԿ երիտասարդները սեպտեմբերին ֆորում կանցկացնեն, ՀՀԿ-ի կողմից Արտաշես Գեղամյանը շարունակում է իր լալահառաչ հոդվածաշարը, ԲՀԿ-ի դռնապանը դարձած Կոնգրեսը Պուտինին աջակցելու մասին հայտարարությունից հետո «խորհրդավոր» լռում է, կոմունիստները հիշել են «կալբասը»: Կասկած չկա, որ ծակուծուկերից դուրս կգան «քաղաքական» այլ բախտախնդիրներ եւս՝ միանալու այդ երգչախմբին: Եւ նախագահի առաջիկա ընտրությունից առաջ կսկսվի մեծ հրմշտոց՝ Պուտինի «դաբրոն» ստանալու համար: Երկրի անկախության կորստի գնով:Ինչ է լինում, երբ Ռուսաստանը «վերադառնում» է Հայաստան: 20-րդ դարասկզբի իրադարձությունները թերեւս բավական են հասկանալու համար, որ Եվրասիական միությանն անդամակցելը Հայաստանին «խոստանում» է ինքնիշխանության կորուստ՝ ներառյալ հոծ հայկական բնակչություն եւ տարածքներ, Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին եւ հրաժեշտ քաղաքակիրթ աշխարհին միանալու հնարավորությանը: Պետք չէ կասկածել, որ Հայաստանում մնացածների գերակշիռ մասը, որին զրկել են հույսից ու երազանքներից, չի էլ դիմադրի նման հեռանկարին: Չեն դիմադրի նաեւ նրանք, ովքեր հասկանում են այս ամենը՝ չափազանց մեծ է երգչախմբի հանած աղմուկը: Հայկ Արամյան

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում