ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԴԱՍՏԱՌԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հղումը http://www.azg.am/AM/print/2008070120 -ի
Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Հիշատակ մեռելոցը, որ հաջորդում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին եւ մեզանում ընդունված է իբրեւ գերեզմանատների այցի եւ հանգուցյալ ազգականներին հարգանքի տուրք մատուցելու օր, այս տարի առաջին անգամ ոչ աշխատանքային հայտարարվեց: Ինչպես կառավարության նիստում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս որոշումն ընդունվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի առաջարկով: Այս հայտարարությունը առիթ դարձավ, որ ներկայացնենք այն խոհերն ու մտահոգությունները, որ ունի Տիգրան Սարգսյանը Հայ եկեղեցու եւ քրիստոնեության պատմության վերաբերյալ: Զրույցը տեղի է ունեցել նրա վարչապետ նշանակվելուց մի քանի օր առաջ, սակայն, կարծում ենք, այսօր հրապարակելն առավել հետաքրքրական է:
1384 թվականից Ջենովայի Ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցում է պահվում Քրիստոսի եզակի դիմանկարը, որ ստեղծվել է Ամենափրկչի կենդանության օրոք` Աբգար թագավորի պատվերով: Դաստառակը մինչ այս հանգրվանը Եդեսիայից անցել է Կոստանդնուպոլիս, ապա Ջենովայի հայկական եկեղեցի, հետո Ֆրանսիա ու կրկին Ջենովայի նույն եկեղեցի: Սակայն այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, որ դաստառակն այնտեղ դեռ երկար կմնա: