- Ո՞Վ ԷՐ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՉԱՐՉԱՐՈՂԸ-------
(Տրդատ Արշակունին, թե՞ Ներսեհ Սասանյանը)
ՍԱՐԳԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ:
Արտաշատում զնդան նետված Գրիգոր Լուսավորչի կրած բոլոր տառապանքները Ագաթանգեղոսի երկի առաջաբանում համարվում են «երկպատական բռնութեան» հետեւանք : «Նոր հայկազյան բառարանը» երկպատական բառին վերագրում է այսպիսի իմաստներ. «Կամ է որպէս երկպատիկ, եւ կամ յերկուց կողմանց պատօղ պատեալ» : «Երկպատական բռնութեանն» եւս մեկ անգամ հանդիպում ենք Կորյունի «Վարք Մաշտոցի» երկում: Այս դեպքում դրան տրվել է «կրկնակի, երկու կերպ բռնություն՝ « ըստ հոգւոյ եւ ըստ մարմնոյ» բացատրությունը : Մեր կարծիքով երկպատական բռնությունը նշանակում է «զրադաշտական բռնություն», իսկ երկպատական-ը եղել է զրադաշտականության՝ որպես երկարմատյա (դուալիստական) կրոնի, հեգնական անվանումը (երկ-պատ-ական բառի մեջ առկա պատ-ը արմատն է նաեւ պատառ բառի, որից՝ պատառել «ճեղքել») : Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Հովհանին վերաբերող իր հիշյալ վկայության մեջ Կորյունը գրում է. «Որում դեպ լինէր յետ վախճանի սրբոյն, բազում եւ ազգի փորձութեանց եւ կապանաւոր վշտաց, մենամարտիկ երկպատաական բռնութեանն, ի Տիզբոն քաղաքի վասն Քրիստոսի յաղթութեամբ տարեալ համբերեաց. Վասն որոյ եւ զխոստովանաղական անուն ժառանգեաց, ի նոյն վերակացութիւնն դառնայր յերկիրն Հայոց» : Բայց նրանից շատ առաջ, ըստ Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորիչն էր, որ «երկպատական բռնութեանն» դեմ «մենակռիւ մենամարտիկ» էր եղել եւ «վասն Քրիստոսի յաղթութեամբ տարեալ, որոյ զվկայ անուն ժառանգեալ, որ ի մահ հասեալ մտեալ, եւ կամօքն Աստուծոյ այսրէն դարձեալ՝ ի վերակացութիւն դառնայր յերկիրս Հայոց» :
Եթե հավատ ընծայենք Ագաթանգեղոսի երկի հմնական մասից եկող ավանդույթին, ապա «երկպատական բռնութեան» աղբյուր համարելու ենք Տրդատ III թագավորին: Բայց Տրդատը ոչ միայն զրադաշտական չէր, այլեւ այդ կրոնի ջատագով Սասանյան արքայատոհմի երդվյալ թշնամին էր: Ըստ այսմ, բացառված է նրա «երկպատական բռնութեան» աղբյուր լինելու հանգամանքը: Պատահական չէ, որ Ագաթանգեղոսի երկի առաջաբանից բերված հիշյալ հատվածը ոչ մի խոսք չի ասում Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի առճակատման մասին, իսկ նույն այդ հատվածի պարբերությունն ավարտվում է Տրդատ III-ի փառաբանությամբ. «Իսկ բարեցապարտն Տրդատ յանկարծակում կենացն ասպնջական ցանկալի ամենեցուն լինէր, որ աշխարհածնունդ հայրենեացն որդի գտանէր շնորհօք Աստուծոյ, եւ հաւիտենական կենացն մերձաւոր լինէր» :
Ուրեմն, «երկպատական բռնութեան» աղբյուրը որոնելու ենք Տրդատ III-ին հայոց գահի վրա նախորդած այն անձանց մեջ, որոնք Սասանյան արքայատոհմի ներկայացուցիչներն էին՝ պարսիկ զրադաշտականներ:
261թ. գահընկեց արված հայոց թագավոր Արտավազդ V-ից (մեկ այլ կարծիքի համաձայն, Հայաստանի կառավարիչ Արտավազդ Մանդակունուց) հետո հայոց գահին բազմել են Սասանյան երեք արքայազուններ՝ Որմիզդ-Արտաշիրը, Որմզդակը եւ Ներսեհը : Սրանցից առաջինն ու երրորդը հետագայում դարձել են Սասանյան Իրանի արքայից արքաներ: Հայտնի է, որ 226թ. տեղի ունեցած գահակալական փոփոխությամբ Իրանում վերացավ կրոնական հանդուրժողականությունը, եւ երկրի պետական կրոն հռչակվեց զրադաշտականությունը: Այն պարտադրվում էր ոչ միայն բուն Իրանի քաղաքացիներին, այլեւ Սասանյանների նվաճած կամ ենթակա երկրների բնակչությանը: Մասնավորապես Հայաստանում Սասանյան գահակալների՝ «Հայոց մեծ թագավորների», նպատակը հայերին եւ Հայաստանը զրադաշտական դարձնելն էր: Այդ ճանապարհին կանգնած յուրաքանչյուր խոչընդոտ եւ նրա ջատագովներին Սասանյանները պատրաստ էին վերացնելու՝ լիներ դա հայկական հեթանոսությունն ու հեթանոս հայերը, թե քրիստոնեությունն ու քրիստոնյա հայերը: Սասանյան պետության հոգեւոր առաջնորդ մոգպետ Կարտիրը իր արձանագրություններում պարծենում է, որ ատրուշաններ է հիմնել, մոգերի համայնքներ հիմնել եւ մոգերի համայնքներ ստեղծել Սասանայն արքաներին պատկանող Երան//Իրան եւ Աներան// «ոչ Իրան» երկրներում: Վերջիններիս մեջ էին թե՛ Հայաստանը, թե՛ նրա հարեւան երկրները՝ Բաղասականը, Աղվանքը, Վիրքը, Ասորիքը, Կիլիկիան, Կապադովկիան: Նա պատմում է, թե ինչ դաժան հալածանքների է ենթարկել հրեաներին, բուդդայականներին, հինդուիստներին, նազարեացիներին եւ մյուս քրիստոնյաներին՝ կործանելով նրանց կենտրոնները, իսկ նրանց դատապարտելով աքսորի ու մահվան :
Մեր պատմահայրը հաղորդում է, որ «զանդրիսն զոր արար Վաղարշակ պատկեր իւրոց նախնեացն հանդերձ Արեգակամբ եւ Լուսնիւ յԱրմաւիր, եւ փոխեցան յԱրմավրայ ի Բագարան եւ դարձեալ յԱրտաշատ՝ զայնոսիկ փշրէ Արտաշիր» : Խոսքն անկասկած հեթանոս հայերի պաշտած Արեգակ// Տիր// Ապոլոն եւ Լուսին// Անահիտ//Արտեմիս աստվածությունների կուռքերի մասին է , որոնց ոչնչացումը տեղի է ունեցել Որմիզդ-Արտաշիրի օրոք : Բնականաբար, զրադաշտական այս արքան ոչնչացնելու էր ոչ միայն այս աստվածությունների կուռքերը, այլեւ կործանելու էր այն տաճարները, որտեղ դրված են եղել այդ կուռքերը: Ագաթանգեղոսը զարմանալիորեն այդ ամենը վերագրում է Տրդատ III-ին եւ Գրիգոր Լուսավորչին: Նա գրում է. «Ապա ինքն իսկ թագավորն խաղայր գնայր ամենայն զօրոքն հանդերձ ի Վաղարշապատ քաղաքէ՝ երթալ յԱրտաշատ քաղաք, աւերել անդ զբագինսն Անահտական դիցն, եւ որ յԵրազամոյն տեղիսն անուանեալ կայր: Նախ դիպեալ ի ճանապարհին երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. Նա ի նա ձեռն արկեալ՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին: Ուր եւ երեւեալ կերպարանեալ դիւացն ի նմանութիւն առն եւ ձիոյ բազմութեան… փախստեայք յԱնահտական մեհեանն անկանէին… Իսկ սուրբն Գրիգոր իբրեւ տեսեալ զայն՝ զնշան տէրունական խաչին առնոյր եւ դիմէր ի դուռն մեհենին. Եւ ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան. Եւ լուցեալ յանկարծօրէն փայտակերտն հրդեհեցաւ ի տէրունական նշանին զօրութենէ, եւ ծուխն ծառացեալ մինչեւ յամպս հասանէր» : Ինչպես տեսնում ենք, հակառակ Խորենացու, Ագաթանգեղոսը Անահիտի Արտաշատի մեհյանի եւ Տիրի Երազամույնի մեհյանի կործանողներ է համարում ոչ թե Սասանյան Արտաշիրին (Որմիզդ-Արտաշիրին), այլ Տրդատ III-ին եւ Գրիգոր Լուսավորչին:
Ագաթանգեղոսի այս եւ նման վկայություններին, ինչպես Գ.Սարգսյանն է նկատում, «պիտի մոտենալ որոշակի վերապահությամբ, որին մղում է Դարանաղյավ Անիի սրբատեղիի եւ Գառնիի հեթանոսական տաճարի պահպանման փաստը» : է.Դանիելյանն ավելացնում է, որ հեթանոսական սրբավայրերը Հայաստանում ավերվել են նախքան քրիստոնեությւնը պետական կրոն հռչակելը, իսկ դրանք ավերողները եղել են զրադաշտական մոգերը, ոչ թե Գրիգոր Լուսավորիչն ու նրա հետեւորդները :
Ասորի պատմիչ Մշիխա Զեխայի «Ադիաբենի եկեղեցու պատմությունը» երկում առկա վկայությունները լույս են սփռում այն միջոցների ու նպատակների վրա, որ կրոնական բնագավառում որդեգրել էին առաջին Սասանյանները՝ առաջին արքա Արտաշիրից (226-243թթ.) սկսած: Այնտեղ կարդում ենք. «Սասանյանների հիմնադիր Արտաշիր արքան հրամայեց, որ նոր ատրուշաններ կառուցվեն ի պատիվ աստվածների, եւ արեւը՝ ամբողջ տիեզերքի մեծ աստվածը, հատուկ երկրպագության արժանի լինի: Ինքն առաջինը ընդունեց «արքայից արքա» եւ «աստված» տիտղոսը: Այսպես նա եղած անարդարություններին ավելացրեց նաեւ անեծքը, (որովհետեւ) ուզում էր, որ իրեն աստվածների իրավունք տրվի: (Ստիպում էր), որ բազում օտար հավատալիքներ ձուլվեն արեւի ու կրակի (պաշտամունքի) հետ» : Հայաստանում սասանյան զրադաշտականության տարածման ճանապարհին կանգնած էր ոչ միայն հայկական հեթանոսությունը, այլեւ քրիստոնեությունը, որը եւ որի հետեւորդները նույնպես ենթակա էին հալածանքների: Դրանք հատկապես սաստկանալու էին Հայաստանի Սասանյան գահակալներից վերջինի՝ Ներսեհի (274-293թթ.) օրոք, որի գահակալության տարիներին Իրանում բանտարկված Մանին՝ մանիքեական կրոնի հիմնադիրը, մահվան էր դատապարտվել, եւ լայն չափեր էին ընդունել հալածանքները եւ հետապնդումները ոչ զրադաշտականների նկատմամբ : Իրադարձությունների այսպիսի ընթացքը Սասանյան արքայից արքաներին ենթակա «Երան եւ Աներան» երկրներում, մեր կարծիքով, հուշում է, թե ով կարող էր լինել «երկպատական» // զրադաշտական կրոնի ջտագով այն հայոց թագավորը, որի հրամանով Արտաշատի զնդանն էր նետվել Գրիգոր Լուսավորիչը: Բնականաբար, այդպիսի հրաման արձակող թագավորը չէր կարող լինել Տրդատ III-ը, որը դեռեւս թագավոր չէր (անգամ Հայաստանում չէր), բայց դա կարող էր լինել զրադաշտական Ներսեհը՝ «Հայոց մեծ թագավորը»:
Այդ ժամանակաշրջանում Հայաստանում տեղի ունեցած քրիստոնյաների հալածանքների մասին գրում է Կեսարիայի Փերմելիանոս եպիսկոպոսը: Նրա երկից մասնակիորեն օգտվել է Մովսես Խորենացին, գրելով իր «Հայոց Պատմության» Բ գրքի հե-հէ գլուխները: Այդուհանդերձ մեր պատմահայրը նկատում է, որ հիշյալ եպիսկոպոսը «գրէ զբազումս վկայեալս եւ ի Խոսրովայ, ի մերում աշխարհիս, համայն եւ յետ նորա օտարք յօտարաց: Բայց զի ոչ ճշմարտութեամբ եւ ոճով պատմէ, եւ ոչ զանուանս նշանակէ կամ զտեղիս կատարմանցն՝ ոչ ինչ կարեւորագոյն համարեցաք երկրորդել» : Պարզվում է, որ Փերմելիանոսը խոսել է բազմաթիվ քրիստոնյաների նահատակության մասին՝ իրականացված ինչպես Տրդատ III-ի հայր Խոսրով Մեծի, այնպես էլ նրանից հետո թագավորած «յօտարաց»: Բնականաբար, այս «օտարները» լինելու էին Հայաստանի Սասանյան գահակալները: Դա հաստատվում է Խորենացու հաջորդ շարադրանքների միջոցով: Այնտեղ կարդում ենք. «Իսկ որ ինչ զկնի մահուանն Խոսրովայ մինչեւ զթագավորութիւնն Տրդատայ ի ժամանակս անիշխանութեանն պատմէ՝ ստոյգ համարելով երկրորդեմք քեզ համառօտ բանիւք» : Իր խոստման համաձայն, հաջորդ հզ եւ հէ գլուխներում պատմահայրը համառոտ կերպով ներկայացնում է Սասանյան Արտաշիրի կողմից Հայաստանի նվաճման, նրա ձեռնարկած վերափոխումների իրականացման եւ երկրում զրադաշտականության ներդրման հանգամանքները:
Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ Հայաստանը նվաճած Սասանյան Արտաշիրը, որը հավանաբար «Հայոց մեծ թագավոր» հռչակված Որմիզդ-Արտաշիրն է, կործանել էր ոչ միայն Արշակունիների նախնյաց արձանները, այլեւ Արեգակի եւ Լուսնի կուռքերը: Չէ որ Լուսին-Անահիտը Սասանյանների դինաստիական աստվածուհին էր: Նշենք, որ Արտաշիր I-ի հայր Պապակը եւ պապ Սասանը Ստահրի Անահիտի տաճարի քրմերն էին, իսկ Արտաշիր I-ը եւ Շապուհ I-ը (243-273թթ.) կրում էին նաեւ Ստահրի Անահիտի տաճարի «տեր» տիտղոսը : Նրանցից Շապուհ I-ի արծաթե դրամներին պատկերված է կիսալուսնի եւ աստղի պատկեր՝ գլխանոց թագով : Ընդ որում, եթե «Հայոց մեծ թագավոր» Որմիզդ-Արտաշիրը՝ ապագա արքայից արքա Որմիզդ Առաջինը, նույնացված էր Որմիզդ//Ահուրամազդայի հետ, ապա նրա ավագ կինը՝ թագուհին, նույնացված էր Անահիտ դիցուհու հետ : Եթե Հայաստանի Սասանյան գահակալը ոչնչացնում էր Անահիտի կուռքը, ուրեմն, վերացնում էր նաեւ նրա պաշտամունքը, նշանակում է Հայոց Մայր Դիցուհին իր Անահիտ անվամբ Սասանյանների դինաստիական աստծուն առնչվելով հանդերձ, նրանից խիստ տարբերվում էր իր էությամբ: Անահիտին հայը համարում էր «փառք ազգիս մերոյ եւ կեցուցիչ», «մեծն Անահիտ տիկին», «մայր ամենայն զգաստութեանց» : Իսկ Անահիտը առաջին Սասանյանների համար դինաստիայի հովանավոր ռազմիկ դիցուհի էր, որը հաղթանակներ էր շնորհում այդ դինաստիայի ներկայացուցիչ թագավորներին :
Առաջին հայացքից տարօրինակ է թվում նաեւ Արեգակի կուռքի ոչնչացման փաստը, երբ հայտնի է, որ Սասանյան թագավորներն Արեգակը համարում էին ամենամեծ աստվածը եւ նրա պաշտամունքը նույնիսկ բռնությամբ պարտադրում էին իրենց հպատակված երկրների բնակչությանը: Բանն այն է, որ հայոց Արեգակ//Տիրը իր էությամբ տարբեր լինելով Սասանյանների Արեգակ//Միհրից, միեւնույն ժամանակ հայ Արշակունիների դինաստիական աստվածն էր: Բնականաբար, Արշակունի արքայատոհմի աստվածացված նախնիների արձանների հետ միասին Հայաստանի առաջին Սասանյան գահակալը պետք է ոչնչացներ նաեւ հայոց Արեգակ//Տիրի կուռքը եւ կործաներ նրա տաճարը: Տիրը Արշակունիների հայկական ճյուղի դինաստիական աստվածը լինելու տեսանկյունից ուշագրավ է ինչպես այն, որ Գառնիի հեթանոսական տաճարի հիմնադիր Տրդատ I-ը (52-80թթ.) կրում էր //Տիրատուր// իրան. Տիրիդատ-Տրդատ նշանակող անուն, այնպես էլ այն հանգամանքը, որ իր հունարեն արձանագրության մեջ նա իրեն Հելիոս-արեւ-արեւաստված է կոչում: Ըստ Գ.Սարգսյանի, «դա Հելիոս-Ապոլոն-Տիր աստվածն է, եւ Տրդատը, աստվածացվելով նույնացվել է այդ աստծու հետ, ինչպես Տիգրան Բ-ն՝ Վահագնի» : Ըստ այսմ, Տրդատ Առաջինը Գառնիի հեթանոսական տաճարը կարող էր ձոնած լինել հենց Տիրին, ոչ թե Միհրին կամ Վահագնին: Բնականաբար, իր հովանավոր աստծու անունը կրող Տրդատ III-ը չէր կարող լինել Երազամույն վայրում գտնված այդ աստծու տաճարը կործանողը, որովհետեւ քրիստոնյա դառնալուց հետո անգամ նա անձեռնմխելի էր թողել այդ նույն աստծուն ձոնված տաճարը Գառնիում:
Հայ Արշակունի արքայատոհմում Տիրի պաշտամունքը ինչ-որ այլափոխումից հետո շարունակել է գոյատեւել նաեւ հետագայում: Հայ Արշակունի քրիստոնյա արքաների եւ արքայազունների Տրդատ// Տիրան
եւ Տիրիթ անունները դրա լավագույն վկայություններն են:
Այս տեսանկյունից ուշագրավ է նաեւ հետեւյալ հանգամանքը: Տրդատ III-ը մկրտվելիս ստացել էր Յովհաննէս անունը՝ ի հիշատակ Հովհաննես Մկրտչի՝ Կարապետի : Իսկ հայտնի է, որ ժողովրդական քրիստոնեության մեջ (հայկական ժողովրդական հավատալիքներում) Սուրբ Կարապետին են վերագրվում Տիր աստծուն բնորոշ եւ հոգեւոր ոլորտին վերաբերվող այնպիսի գծեր, ինչպիսիք են արվեստները հովանավորելը, երաժշտական ունակությամբ օժտելը եւ բանաստեղծական ձիրք շնորհելը : Ի դեպ, դրա մասին հաճախ արվեստի հետագա գործիչը, երաժիշտը կամ բանաստեղծը իմանում էր երազում իրեն հայտնած սրբից: Բացառված չէ, որ Տիր աստծո պաշտամունքային ոլորտին վերաբերվող լույս-արեգակային գծերն էլ Տրդատ III-ը ներմուծած լիներ իր նոր աստծո՝ Քրիստոսի պաշտամունքի մեջ, դրանով իսկ, իր անձնական-դինաստիական շահերին տված լիներ գաղափարախոսական նոր հիմնավորում (հմմտ. Տիր/տրնդեզ եւ Քրիստոս/Տեառնընդառաջ): Չէ՞ որ Քրիստոսն ասում էր. «Ես եմ լույսը», իսկ Գրիգոր Լուսավորիչը ասում էր. «Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ, անուն նորա Յովհաննէս (Մկրտիչ). սա եկն ի վկայութիուն, զի վկայեսցէ վասն Լուսոյն, զի ամենեքեան հաւատասցէն նովաւ» : Հիշենք նաեւ, որ «Հայ հոգեւոր հայրերի շարականներում Արեգակն արդարության գովերգությունը՝ Աստված-Լույսի՝ Քրիստոսի գերագույն փառաբանությունն է» : Ուրեմն, Տրդատ III-ը, ի հակադրություն իր նախորդ գահակալների, պետք է կրոնական հանդուրժողականություն ցուցաբերած լիներ ինչպես իր մկրտությունից առաջ, այնպես էլ մկրտվելուց հետո: Դրա վկայությունը կարելի է համարել Vդ. եկեղեցական պատմիչ Սոզոմենոսի հետեւյալ խոսքերը. «Ես տեղեկացա, որ հայերն ընդունել են քրիստոնեությունն ավելի առաջ: Ասում են, որ Տրդատը, որն այս ժողովրդի առաջնորդն էր, մի ինչ-որ աստվածանշան հրաշքի պատճառով, որ նրա տան մեջ պատահել էր, իսկույն դառել էր քրիստոնյա ու նաեւ հրամայել էր, որ քարոզության միջոցով այդ կրոնն ընդունեն նաեւ իր հպատակները» :
Որ կրոնական հանդուրժողականությամբ աչքի ընկած Տրդատ III-ը չէր կարող լինել Գրիգոր Լուսավորչին զնդան նետած թագավորը, ցույց են տալիս նաեւ թվաբանական պարզ հաշվարկները: VIIIդ. եկեղեցական պատմիչ Գեւորգ Ասորին վկայում է, որ պատանի Գրիգորը Հայաստան // Մեծ Հայք եկել էր IIIդ. 70-ական թթ. կամ Դիոկղետիանոս կայսեր (284-305թթ.) ժամանակ, կամ ավելի վաղ: Նա գրում է. «Գրիգորիսն այն է, որ աշակերտեց զՀայս, ով ուսումնասէր, հռոմեացի էր ազգաւ, ինչպէս որ յայտնի իւր կենսագրութեան խօսքերէն, բայց տղայութեան ժամանակ Հայոց աշխարհն եկաւ կամ Դիոկղետիանոսի քրիստոնէից դէմ յարուցած հալածանաց կամ ուրիշ մեզ անծանօթ պատճառաւ» : Գրիգոր Լուսավորչի «տղայության ժամանակը» չէր կարող համընկնել Դիոկղետիանոսի գահակալման տարիների հետ, երբ նա արդեն հասուն տղամարդ էր: Եթե այդ «տղայության ժամանակը» համարենք 15-20 տարեկանի միջեւ (իսկ նա ծնված է համարվում 250-ական թթ.), ապա «մեզ անծանօթ պատճառաւ» նա Հայաստան կարող էր գալ հենց IIIդ. 60-ականն կամ 70-ական թթ., երբ Հայաստանում գահակալում էին Սասանյան արքայատոհմի ներկայացուցիչները: Մեր պատմիչների վկայությամբ, Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում գտնվել է 13-15 տարի : Եթե նա այնտեղից դուրս է բերվել 301թ., ապա Արտաշատի այդ զնդանը նետված պետք է լիներ 286-288թթ. միջեւ: Իսկ եթե նրան այնտեղից հանել էին ավելի վաղ, ասենք, 293թ., երբ Տրդատն առաջին անգամ գահակալեց Մեծ Հայքում, կամ 298թ. երբ Տրդատը վերահաստատվեց իր գահին, ապա Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապ նետված կլիներ 278-280թթ. կամ 283-285թթ. միջեւ, այսինքն՝ դարձյալ Սասանյան Ներսեհի, այլ ոչ թե Տրդատ III-ի օրոք: Թե Ներսեհը ինչպիսի կրոնական քաղաքականություն կարող էր վարել նվաճված Հայաստանում, ցույց են տալիս մասնավորապես այդ ժամանակաշրջանի պարսկական արձանագրությունները: Հետագայում Իրանի արքայից արքաների գահին բազմած Ներսեհը իրեն համարում էր «կրոնին ամենանվիրվածը, ամենալավը, ամենաարդարը եւ ամենագործունյան» : Իհարկե, այս ամենը ընկալվելու էր զրադաշտական կրոնի բարոյագիտական տեսանկյունից: Ներսեհը մինչեւ «Հայոց մեծ թագավոր» դառնալն էլ համարվել է «ազնվազարմ մազդայասն» (‘yly mzdysn) կամ այլ կերպ ասած՝ «անեղծ հավատով Ահուրամազդա//Որմիզդի երկրպագու» :
Որ Գրիգոր Լուսավորչին զնդան նետած թագավորը կարող էր լինել ոչ թե Տրդատ III-ը, այլ Ներսեհը, ցույց է տալիս նաեւ սրբահալած թագավորի խոզ դառնալու առասպելը: Նախ, ուշադրություն դարձնենք մի հանգամանքի վրա: Ագաթանգեղոսի երկի մեզ հասած խմբագրության 763-րդ պարբերությունում ասված է, որ խոզակերպ թագավորը Տրդատ է կոչվում, իսկ մինչ այդ նա պարզապես թագավոր է: Ապա, թագավորի խոզ դառնալու առասպելը գալիս է սասանյան Իրանից, որտեղ վարազը արքունի անասուն էր համարվում, ուստի արքային արքայի կնիքը վարազի պատկեր ուներ: Վարազագիր//վարազ նկարագիր մատանի էր կոչվում Շապուհ II-ի (309-370թթ.) կնիք-մատանին: Խոսրով I Անուշիրվանի (531-579թթ.) կնիքը նույնպիսին էր : «Պարսից թագավորների գերբը» եւս վարազի պատկեր ուներ Հայաստանի Սասանյան գահակալները միաժամանակ պարսից թագաժառանգներ էին, իսկ վերջիններիս վարազի պաշտամունքին առնչվում էին նաեւ իրենց կրած վարազագլուխ թագերի միջոցով: Այդպիսի գլխանոց-թագեր նրանք կրում էին հենց Տրդատ III-ի գահակալմանը նախորդած տարիներին: Վարահրան II (276-293թթ.) արքայից արքան իր դրամներից մեկի վրա պատկերված է կնոջ եւ թագաժառանգ որդու հետ միասին: Թագաժառանգի գլխանոց-թագը իր վերնամասով վարազի գլուխ է ներկայացնում: Այս նույն թագավորի թողարկած տարբեր տարիների դրամներին թագաժառանգը եւ թագուհին պատկերված են այնպիսի գլխանոց-թագերով, որոնք պատկերում են վարազի, ձիու, գիշատիչ թռչնի գլուխներ եւ առասպելական էակներին բնորոշ մանրամասներ : Վարահրան II-ի դրամների այնպիսի մի տարատեսակ է հայտնի, որոնց վրա «Շահնշահն է՝ դիմացը վարազագլուխ թագով թագաժառանգը» :
IV-VIIդդ. թվագրվող հայկական կոթողներից մի քանիսն ունեն վարազագլուխ թագավորի պատկերներ (նկ.1): Ընդունված կարծիքի համաձայն դրանք պատկերում են Տրդատ III-ին : Մեր կարծիքով, դրանք վաղ շրջանից եկող ակունքներ ունեն, լինելով Արտաշիրական կոչված կոթողներին պատկերված Հայաստանի Սասանյան գահակալների վերարտադրությունը, որովհետեւ նրանք լինելու էին վարազագլուխ գլխանոց-թագերի կրողները: Արտաշիրական կոթողների գոյությունը հաստատվում է Մովսես Խորենացու հետեւյալ վկայությամբ. «(Արտաշիրը) նա եւ զսահմանս հաստատեալս յԱրտաշիսէ, զքարինս յերկրի կացուցանելով, նորոգեաց, եւ յիւր անունն փոխելով Արտաշիրական անուանեաց» : Բ.Առաքելյանը, վարազագլուխ թագավորի մասին առասպելական պատկերացումների ակունքները հայ հին դիցարանում որոնելով հանդերձ, նշում է, որ հայ քրիստոնեական եկեղեցին դրանից օգտվել է մարդկանց հոգեբանության վրա նաեւ տեսողական ազդեցություն գործելու համար : Այսուհանդերձ, դժվար է պատկերացնել, թե Տրդատ III-ին հաջորդած Արշակունի հայ թագավորներից որեւէ մեկը թույլ կտար ինչ-որ մեկին իր Արշակունի նախնուն եւ հայոց առաջին քրիստոնյա թագավորին ներկայացնել վարազագլուխ մարդու տեսքով, որովհետու հայի համար վարազը բացասական երեւույթներ կրող մի էակ էր, իսկ հայ առասպելաբանության մեջ՝ խավարի եւ ընդերքի խոլ ուժերը մարմնավորող մի կերպար: Վարազի անասունի այդպիսի ընկալումով են պայմանավորված վարազանալ բառի նաեւ «գազանանալ, վայրենանալ», «կատաղել» իմաստները, (Եզնիկ Կողբացին վարազը որակում է գազանագույն գազան բառերով) : Որ խավարը եւ ընդերքային ուժերը ներկայացնող առասպելաբանական կերպարը կարող էր հանդես գալ վարազի կամ խոզի կերպարով, ցույց է տալիս, օրինակ, Արշակունի թագավորների Աղձքի դամբարանի պատին արված պատկերը: Այստեղ լույսի եւ երկնային ուժերին անձնավորող մերկամարմին հերոսի հակառակորդը հենց վարազն է : Հիշենք նաեւ հայ ժողովրդական հեքիաթների բարազախոզ//վարազը, որը հեծկան անասունն է մահվան եւ չար ուժերի անձնավորում պառավի, եւ կենդար՝ չար, դեւք բառը, որի կենդ արմատը տարբերակն է լինելու կինճ//կինջ//վարազ բառի :
Ի տարբերություն հին Հայաստանի, հարեւան եւ հեռավոր մի շարք երկրներում խոզը համարվում էր սրբազան կենդանի՝ լուսավոր երեւույթների կենդանական մարմնավորում, եւ առասպելաբանական մտածողությամբ համադրվում էր արեւի հետ : Այդպես էր, օրինակ, հին Եգիպտոսում եւ Սասանյան դարաշրջանի Իրանում: Վարազի առասպելաբանական կերպարի բացահայտման գործում կարեւորվում է վարազագլուխ գլխանոց-թագերի գոյության փաստը: Սասանյան դրամներին իրենց արտացոլումը գտած կենդանագլուխ գլխանոց-թագերի խորհրդանշանային իմաստները, ինչպես Վ.Գ. Լուկոնինն է գրում. «Կապված են շահնշահ պատրոնի՝ Վերեթրագնա աստծու հետ. համենայն դեպս վարազը, ձին եւ թռչունը նրա տարբեր ինկարնացիաներն են» : Հին իրանական Վերեթրագնա դիցանունը նախատիպն է ինչպես հայկական Վահագնի, այնպես էլ վաղսասանյան Վարահրան//Վարհրան-ի : Վերջինս արքայից արքաների անվանացանկում ամենատարածված անուններից մեկն է (համահավարասար Որմիզդ//Հորմիզդ անվանը) : Ռ.Ֆրայի գրքում բերված է սասանյան կցազարդ քիվի մի հատված ( տրամագիծը 37,5), որտեղ պատկերված է առասպելաբանական վարազի գլուխը : Այն զբաղեցնում էր պատկերի կենտրոնական մասը եւ առնված է արեւի սկավառակը խորհրդանշող շրջանակի մեջ: Արտաքին միջավայրից վարազի գլուխը սահմանազատված է արտաքին եւ ներքին շրջանագծերով, որոնց միջեւ տեղադրված են օրվա 24 ժամերը խորհրդանշող 24 շրջանակներ: Վարազագլխի ուղղվածությունը ձախից աջ է՝ համապատասխան երկնակամարում արեւի շարժման ուղղությանը՝ արեւելքից արեւմուտք: Այսպիսով, կասկած լինել չի կարող, որ Սասանյան թագաժառանգները վարազագլուխ թագեր են կրել այն պատճառով, որ առասպելաբանական մտածողությամբ վարազն ընկալվել է զրադաշտականների ամենամեծ աստծու՝ Արեգակի, կենդանական դրսեւորումը: Այդպիսի թագեր կրելու էին նաեւ Տրդատ III-ին նախորդած Սասանյան գահակալները՝ «Հայոց մեծ թագավորները»: Դա է եղել վարազակերպ հայոց թագավորի մասին առասպելի ստեղծման պատմական հենքը:
Մինչեւ «Հայոց մեծ թագավոր» դառնալը, Սասանյան Ներսեհը իշխում էր ներկայիս Իրանի, Աֆղանստանի եւ Պակիստանի հարակից մարզերն ընդգրկած տարածքում եւ կրում էր «թագավոր Սակաստանի, Տուրեստանի եւ Հնդկաստանի» տիտղոսը : Ս.Երեմյանի կարծիքով, Որմիզդ-Արտաշիրից սկսած, Հայաստանի Սասանյան գահակալները այստեղ հիմնել են զրադաշտական ատրուշաններ (Հուր, Հրատն), որտեղ սպասարկում էին նրանց կողմից «Սակաստան, Տուրեստան եւ Հնդիկք մինչեւ ծովափ » թագավորությունից բերված հնդիկ քուրմերը: Բնականաբար, նրանց մեջ լինելու էին նաեւ պարսիկ մոգեր: Սրանք էլ կործանողներն են եղել հայ հեթանոսական աստվածների կուռքերի եւ ավերողները նրանց սրբավայրերի: Զրադաշտական ատրուշանները կառուցվելու էին դրանց ավերակների վրա: Ըստ Խորենացու, Արտաշիրը «զմեհենիցն պաշտամունս առաւել եւս յորդորէ. այլ եւ զհուրն որմզդական, որ ի վերայ բագնին որ ի Բագաւան, անշէջ հրամայէ լուցանել» :
Հայաստանի Սասանյան գահակալներից վերջինի՝ Ներսեհի օրոք հռոմեացիները, որոնք վերագրավել էին Շապուհ I-ին զիջած տարածքներից շատերը, ընդհուպ մոտեցել էին Մեծ Հայքի սահմաններին: Դիոկղետիանոս կայսրը 287թ. Մեծ Հայքի թագավոր էր ճանաչել հայոց թագաժառանգ Արշակունի Տրդատին: Իրանում Վարահրան II-ի մահից հետո արքայից արքա էր հռչակվել նրա որդին ՝ Վարահրան II-ը (293թ.): Վերջինիս դեմ ելավ «Հայոց մեծ թագավոր» Ներսեհը, որն իրեն համարում էր արքայից արքաների գահի օրինական ժառանգորդը: Գահակալական պայքար սկսած Ներսեհը, քաջ գիտակցելով, որ իր հեռանալուն պես Հայաստանը կզբաղեցվի հռոմեացիների կողմից, եւ Տրդատն այստեղ կվերականգնի Արշակունիների իշխանությունը, որոշեց «կամովին» գահը զիջել Տրդատին: Ըստ երեւույթին, նա հույս ուներ, որ դրանով կապահովի իր թիկունքը եւ իրավունք կստանա իր մղելիք պայքարում օգտվելու նաեւ հայ մեծամեծերի զինական աջակցությունից: Նման համաձայնության գոյության մասին են խոսում ինչպես Ներսեհի կողմնակիցների շարքում հայ մեծամեծների առկայությունը հաստատող Փայքուլիի արձանագրությունը , այնպես էլ այն իրողությունը, որ Ներսեհի հաղթանակն ու գահակալումը շնորհավորողներից մեկը Տրդատն էր՝ Իրանի նոր գահակալին Տիգրանակերտի իր արձանագրության մեջ «աստված արքայից արքա» (երիցս) կոչողը :
293թ. Մեծ Հայքի թագավոր դարձած Տրդատը այլակրոնների նկատմամբ որեւէ հալածանք չէր կիրառել: Ըստ երեւույթին, բոլոր կրոններն էլ նա թույլատրելի էր համարել այնպես, ինչպես հետագայում (313թ.) Միլանի էդիկտով Հռոմեական կայսրության համար դա արել է Կոստանդին Մեծը: Հակառակ դեպքում անհասկանալի կմնա, թե ինչն էր Հռիփսիմեին եւ Դիոկղետիանոս կայսրից հալածված մյուս սրբուհիներին դրդել ապաստան որոնելու Հայաստանում: Չնայած Տրդատ III-ը կայսեր դաշնակիցն ու վասալն էր, բայց փաստորեն չէր արգելել նրանց հանգրվանելու Վաղարշապատում՝ «ի նիստս թագաւորացն Հայոց» : Ինչպես Մ. Աբեղյանն է նկատում, իբր թե Տրդատ III-ի կողմից իրականացված «Հռիփսիմյանց վկայաբանության մեջ դժվար թե որեւէ իրական պատմական բան լինի, բայց եթե այն, որ իրոք Վաղարշապատում նահատակված են եղել կույսեր, քանի որ Vդ. արդեն եղել են այնտեղ նրանց վկայարանները» : Ավելացնենք. ժողովուրդը հիշում էր, որ այդ վկայարանները կառուցվել են Տրդատ թագավորի կողմից՝ նրա կնոջ եւ քրոջ մասնակցությամբ (ըստ Ագաթանգեղոսի, դրանց կառուցումը նախորդել էր Տրդատ III-ի մկրտությանը) : Սրբուհիների նահատակությունը իրագործվելու էր այն ժամանակ, երբ արքայից արքա դարձած Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմեական կայսրության դեմ եւ 296թ. վերագրավեց Հայաստանը (որը «ենթարկված էր հռոմեացիների իշխանության») : Այս անգամ եւս Տրդատը Հայաստանում չէր: Իր գահին նա վերահաստատվեց 298թ. Մծբինի հաշտությամբ միայն:
Տրդատ III-ը իր հանդուրժողական կրոնական քաղաքականությունը չէր փոխել անգամ 301թ. մկրտվելուց եւ քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակելուց հետո: Հայաստանում հալածանքի չէին ենթարկվել նույնիսկ այն մոգերն ու քրմերը, որոնք այստեղ էին բերվել Հայաստանի Սասանյան գահակալների կողմից: Հարկ եղած դեպքում, Տրդատը չէր խորշում օգտագործելու նրանց կուտակած գիտելիքներից: Այսպես օրինակ, ըստ Խորենացու, փղախտով՝ «եղեփանդական բորոտութեամբ», տառապող Կոստանդին կայսրին «ոչ կարացին բուժել արիողական կախարդքն եւ մարսիկեան բժիկք, յաղագս որոյ յղեաց առ Տրդատ՝ առաքել նմա դիւթս ի պարսից եւ հնդկաց. սակայն եւ այնք ոչ հասին նմա յօգուտ» : Եթե կրոնական հանդուրժողականություն ցուցաբերած Տրդատ III-ը հալածանքների չէր ենթարկել պարսիկ եւ հնդիկ զրադաշտական մոգերին ու քրմերին, ապա մեծ համարձակություն չի պահանջվում ենթադրելու համար, որ նա հալածանքների չէր ենթարկի նաեւ նախ հայ քրիստոնյաներին (երբ դեռեւս հեթանոս էր), ապա հայ հեթանոսներին (երբ արդեն քրիստոնյա էր): Ուրեմն Տրդատ III-ին իզուր է վերագրվել հեթանոսական մեհյանների կործանողը: Նրա հրամանով եւ Գրիգոր Լուսավորչի ղեկավարությամբ Հայաստանի կանգուն մնացած հեթանոսական մեհյաններում միայն վերացվում էին հեթանոսական աստվածների կուռքերը եւ փոխարենը դրվում էին փայտե խաչեր: Դարձյալ դիմենք Մովսես Խորենացուն: Ըստ նրա, վրաց աշխարհում քրիստոնեությունը անարգել քարոզած եւ տարածած Նունե Երանելին Գրիգոր Լուսավորչին հարցրել էր, թե «զինչ հրամայեսցէ նմա գործել այնուհետեւ. քանզի յօժարութեամբ ընկալան վիրք զքարոզութիւն Աւետարանին: Եւ հրաման ընդունի՝ կործանել զկուռսն, որպէս ինքն արար, եւ կանգնել զպատուական նշան խաչին մինչեւ ցօր տալոյ Տեառն հովիւ յառաջնորդութիւն նոցա» :
Իսկ ինչպե՞ս եւ ինչու՞են Հայաստանի Սասանյան գահակալների բռնարարքները եւ ոճիրները, մանավանդ Ներսեհինը, հետագայում վերագրվել Տրդատ III-ին: Կարծում ենք, որ այդ գործում գլխավոր մեղավորը եղել է Ագաթանգեղոսի երկի մեզ չհասած տարբերակի խմբագրողը: Ինչպես Մ. Աբեղյանն է ցույց տվել, նախապես գոյություն է ունեցել «IVդ. մի գործ, մի համառոտ պատմություն Ս.Գրիգորի, պատմական արժեք ունեցող մի երկ, որից օգտվել է հեղինակը իր գործը խմբագրելիս» : Նախնական խմբագրությունը «հորինված է Vդ. առաջին կեսին, բայց անփոփոխ չի մնացել, հետագայում վերախմբագրված է» : Ա.Տեր-Ղեւոնդյանն ավելացնում է. «Հինգերորդ դարի առաջին կեսում կազմվել է մի խմբագրություն, որի հայերենը դեռ հայտնի չէ, բայց կան նրանից ծագող ասորերեն, հունարեն եւ արաբերեն խմբագրություններ, որոնք Վարք են կոչվում: Այս հայերեն բնագիրը, ըստ երեւույթին, դարերի ընթացքում մոռացության է տրվել» : Ըստ երեւույթին, Ագաթանգեղոսի երկի առաջին խմբագրությունը կազմվել էր 428թ. անմիջապես հետո, երբ Արշակունյաց թագավորության վերացումով Հայաստանը վերածվել էր պարսկական մարզպանության: Այդ ժամանակ էլ անհայտ խմբագրողը Ս.Գրիգորի Վարքին, այլ զրույցների հետ, միացրել էր նաեւ Շապուհ Պարսիկի Հայաստանում գահակալած տարիներին (416-420թթ.) հավանաբար պարսկերենով գրված ինչ-որ պատմական ստեղծագործություն: Ինչպես Մ.Աբեղյանն է նկատել. «Խմբագրողը նույնը քաղել է տարբեր աղբյուրներից եւ չի կարողացել այնպես ի մի ձուլել, որ կրկնություն չլինի եւ առաջ չգան նույնիսկ հակասական մասեր ու ավելորդաբանություններ, խոսքի ու պարբերության ընդհատումներ, որոնցով լի է այս պատմությունը» :
Հայոց թագավոր կարգված Շապուհ Պարսիկի եւ պարսից արքունիքի կողմից հայոց Դարձի պատմության պարսկամետ դիրքերից նենգափոխումը խրախուսելի մի ձեռնարկում էր նկատվելու: 125-150 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի նորովի մեկնաբանությամբ Շապուհ Պարսիկի շրջապատը ձգտելու էր տանելի դարձնել քրիստոնյա Հայաստանում զրադաշտական այս նոր թագավորի՝ պարսից թագաժառանգ թագավորի գահակալումը՝ որպես վերջնական նպատակին հասցնող կարեւոր քայլերից մեկի: Իսկ թե որն էր պարսից արքունիքի վերջնական նպատակը, ցույց են տալիս ինչպես Մովսես Խորենացին, այնպես էլ Ղազար Փարպեցին: Շապուհ Պարսիկին հայոց թագավոր կարգելով, ըստ Փարպեցու, պարսիկները մտածում էին հետեւյալ կերպ. «Զի [հայերը] յօրինացս մեր (պարսիկների) օտար են եւ ատեցողք, եւ միահաւան ունին զպաշտօն նոցա (բյուզանդացիների) եւ զօրէնս…. Հաղորդեալ առ միմեանս՝ զատուցեալք այնուհետեւ որոշին ի սիրոյ նոցա եւ յօրինացն» : Խորենացին ավելի հեռահար նպատակ է մատնանշում. «Զի մարթ լիցի զնոսա եւ ի դեն մազդեզանց սաղապեցուցանել, որով ամենեւիմբ զատչիցին ի Յունաց» : Սա էր վերջնական նպատակը: Իսկ դրան հասնելու համար պետք է նախ սկսել նրանից, որ Տրդատ III-ն ու նրա շրջապատը ներկայացվեցին որպես Հռոմի դրածոներ, հայոց շահերն անտեսած մարդիկ, հեթանոսական մեհյանները կործանողներ, բոլոր կրոնների հալածիչներ, ոչ միայն հեթանոս քրմերին, այլեւ քրիստոնյա քարոզիչներին կոտորողներ եւ այլն: Ըստ այսմ, Տրդատ III-ը ամեն կերպ սեւացվելու էր, իսկ նրա նախորդ Սասանյան գահակալների բռնարարքներն ու ոճիրները վերագրվելու էին նրան: Վերեւում արդեն տեսանք, որ Ագաթանգեղոսի երկում Տրդատին եւ Գրիգոր Լուսավորչին է վերագրված Տիր//Արեգակի եւ Անահիտ//Լուսնի մեհյանների կործանումը, երբ Մովսես Խորենացու հաղորդումներից պարզվում է, որ դրանց կործանողը եղել է Սասանյան Արտաշիրը//Որմիզդ//Արտաշիրը:
Ագաթանգեղոսի երկի ինչ-ինչ հատվածների պարսկերեն բնագրեր ունենալու մասին են վկայում այնտեղ եղած պարսկաբանությունները: Օրինակ, Տիրի Մեհյանի «դիւան գրչի Որմզդի» որակումը բացահայտում է որակողի պարսկական կրթություն ստացած կամ զրադաշտական լինելը: Հակառակ դեպքում սասանյան ժամանակաշրջանի Որմիզդի ՝ հին պարսկական Ահուրամազդայի փոխարեն հիշատակված կլիներ հայ հեթանոսական դիցարանի նրա զուգահեռը՝ աստվածահայր Արամազդը : Վաղուց նկատված այս հանգամանքը թյուրիմացության տեղիք է տվել: Օրինակ, ըստ Հ.Գելցերի. «Աստից կարելի է հետեւեցնել, թե հեթանոս դիցաբան ճարտասանից դպրութեան միացած Երազամոյն պատգամատեղւույն հետ, գրեթե բոլորովին նոր եւ վերջին ժամանակաց հաստատութեուն մըն է» :
Առավել արտառոց է թվում այն փաստը, որ Ագաթանգեղոսի երկում հայ քրմերը «դեւ»-եր են կոչվում : Աքեմենյան Քսերքսեսի (մ.թ.ա. 486-465թթ) ժամանակներից սկսած Ահուրամազդայի երկրպագուները այդ տերմինը գործածում էին նշելու համար հեթանոսական այն աստվածներին, որոնց պաշտամունքը անհարիր է իրենց աստծու պաշտամունքին եւ որոնց սրբարանները ենթակա էին ավերման : Այս նույն տերմինն է կիրառում նաեւ Ահուրամազդա//Որմիզդի մոգպետ հիշյալ Կարտիրը, երբ իր արձանագրություններում ներկայացնում է Վարահրան I-ի եւ Վարահրան II-ի գահակալության տարիներին իր գործերի արդյունքները. «Ահրիմանի եւ դեւերի հավատը նահանջեց եւ վտարվեց երկրից: Թե հրեաները, թե բուդդայական քրմերը, թե բրահմանները, թե նազարեացիները, թե քրիստոնյաները…թե զինդիկները ջախջախվեցին, իսկ նրանց աստվածների պատկերները ավերվեցին, եւ դեւերի ապաստարանները ոչնչացվեցին եւ աստվածների «բույների» ու նրանց կացարանների վերածվեցին» : Ժամանակին Ա.Մարտիրոսյանը նկատել էր, որ «Կարտիրի արձանագրությունների մեջ եւ Ագաթանգեղոսի էջերում զարմանալիորեն միատեսակ արտահայտություններ կան. «Դեւերը նահանջեցին երկրից եւ վտարվեցին: Դեւերի համար մեծ խայտառակություն եղավ»,- ասված է Կարտիրի մոտ: «Կերպակերպ նմանութեամբք դիւացն փախստական լինելով անկանէին ի կողմանց Խաղտեաց»….Այստեղ էլ դեւերը մեծ հարված կրեցին :
Հայաստանի Սասանյան գահակալներին վերաբերող խորենացիական հաղորդումները եւս մատնացույց են անում պարսկերեն կամ պարսկամետ ինչ-որ սկզբնաղբյուր: Խոսքը մասնավորապես Սասանյան Արտաշիրի` Որմիզդ-Արտաշիրի (միա՞յն), հայաստանյան գործունեությանը նվիրված Խորենացու Բ գրքի հէ գլխի մասին է: Այն կրում է հետեւյալ վերնագիրը. «Յաղագս խաղաղութեան Պարսից եւ Յունաց, եւ շինելոյ Արտաշիրի զՀայս յամս անիշխանութեան»: Եթե նախորդ գլխում ( Բ, հզ) մեր պատմահայրը գրում է, թե «համարձակաբար արշաւեալ ի մեզ Արտաշիրի, եւ զզօրս Յունաց փախստական արարեալ, գերելով զյոլով մասն աշխարհիս` յաւեր դարձուցանէ» , ապա այստեղ` հէ գլխում, ականատեսն ենք հակառակ պատկերի. «Իսկ Արտաշրի գեղեցկապէս յարդարեալ զաշխարհս Հայոց` ի կարգ առաջին հաստատէր»:
Այս նույն գլխում պարսկաբանություն է սահման բառի գրաբարին ոչ բնորոշ իմաստով գործածումը, որովհետեւ հայերենում երբեւէ այդ բառը «սահմանաքար, սահամանորոշ նշան» չի նշանակել : Ուշագրավ է, որ Արտաշիսյան սահմանաքարերի մասին խոսելիս Խորենացին գործածում է «նշանս սահմանացն» բառակապակցությունը , բայց Արտաշիրական սահմանաքարերը ուղղակի «զսահմանս» են կոչվում : Սասանյան դարաշրջանի պարսկերենում` միջին պարսկերեն, պահլավերեն, sāmān//sāhmān բառը նախ եւ առաջ «սահմանորոշ նշան» էր նշանակում : Նոր պարսկերենի saman բազմաթիվ իմաստներից մեկն է «նշան որ իցէ եդեալ վասն որոշման սահմանի» : Պարսկաբանություն է ներկայացնում նաեւ այս նույն գլխում շապուհ բառի գործածումը: Որմիզդ-Արռաշիրի որդի Որմզդակը Խորենացու աղբյուրում շապուհ է կոչվել արքայորդի լինելու պատճառով. պարս. Sah-puhr «արքայ-որդի»: Բայց Խորենացին, որին Որմզդակ անունն անհայտ է, բառն ընկալել է որպես անձնանուն: Սասանյան Արտաշիրի (այս դեպքում եւս Որմիզդ-Արտաշիրի) մասին իր հաղորդումները նա ավարտում է հետեւյալ բառերով. «յետ նորա որդի նորին, որ անուանեցաւն Շապուհ, որ լսի արքայամանուկ» : Լ. Հովհաննիսյանը նշելով, որ շապուհ-արքայամանուկ նշանակում է «արքայորդի», ավելացնում է. «Գրաբարի բառարանները չեն գրանցել` հավանաբար նկատելով որպես հատուկ անուն» :
Այսպիսով, կասկածից վեր է, որ Ագաթանգեղոսի երկի խմբագրողին հասել էր հայոց Դարձի եւ նրան նախորդած դեպքերի իրական ընթացքը խեղաթյուրված, իսկ պատմական հայտնի դեմքերի բնութագիրը եւ նրանց փոխհարաբերությունները այլափոխված ներկայացնող մի երկ: Նրա նկատմամբ Ագաթանգեղոսի երկի առաջին խմբագրությունը կազմած անձնավորության ցուցաբերած ոչ քննական մոտեցումը, մեր կարծիքով, պայմանավորված է եղել հետեւյալ հանգամանքներով:
1. V-VII դդ. հայ մատենագրության մեջ արմատացած սովորության համաձայն, մերժելի էին կյանքի հոգեւոր-մշակութային ոլորտին վերաբերող բոլոր այն երեւույթները, որոնք նախաքրիստոնեական էին` հեթանոսական: Հ. Հակոբյանի կարծիքով, «Սկզբնաղբյուրները խմբագրող, հաճախ փոխադրող անձը արդեն խորթացած էր հեթանոսության նկատմամբ` անգամ II-IVդդ. առնչությամբ. նրանում տեսնում էր վտանգ ու նրա նկատմամբ տանում էր վերացական հաղթանակներ (տեսնելով, բայց չպրպտելով հետեւանքները)… Չորրորդ դարի սկզբի դեպքերին վերագրվում է շատ ավելի բռնի եւ դրամատիկ բնույթ, քան եղել է իրականում» :
2. Ագաթանգեղոսի երկի առաջին խմբագրողը հայոց Դարձին նախորդած ժամանակաշրջանի դեպքերին եւ դեմքերին նայում էր առնվազն 150 տարիների հեռվից, երբ արդեն շատ աղոտ էին դարձել հիշողությունները Տրդատ III-ին նախորդած «Հայոց մեծ թագավորների» մասին, չնայած պահպանվում էին հիշողությունները նրանց բռնարարքների եւ ոճրագործությունների մասին: Զրադաշտական այդ Սասանյանները մարդկանց հիշողության մեջ չէին մնացել ոչ իրենց անուններով, ոչ էլ իրենց անհատական բնութագրով եւ վերածվել էին հեթանոս հայոց թագավորի հավաքական կերպարի: Իսկ այդ կերպարը քրիստոնյա հայի մտապատկերում հեշտությամբ կարող էր շփոթվել հեթանոս Տրդատի կերպարի հետ:
3. Ինչպես Տրդատ III-ի անմիջական նախորդը` Ներսեհը, այնպես էլ Որմիզդ-Արտաշիրը եւ Որմզդակը տեղ չէին գտել նաեւ հայոց արքայացանկերում: Այս հանգամանքը հեշտացնելու էր այն անձնավորության (կամ անձանց) գործը, որոնք Հայաստանի Սասանյան գահակալների իրականացրած բռնարարքները գիտակցաբար թե անգիտակից կերպով վերագրվում կամ վերագրվելու էին Տրդատ III-ին:
4. Տրդատ III-ին նախորդած Սասանյան գահակալների չարագործություններն ու բռնարարքները նրան վերագրելու մեջ «մեղքի» բաժին ունի նաեւ ինքը` Տրդատ III-ը: Մեր պատմահոր ձեռքի տակ եղած արքայացանկից պարզվում է, որ Տրդատ III-ը, ամենայն հավանականությամբ, հայոց գահի վրա իրեն նախորդած Սասանյան արքայազունների հիշատակը պատմության էջերից ջնջելու նպատակով նրանց գահակալության տարիների մի մասը համարել է «ամս անիշխանութեան» , իսկ մյուս մասը` գրանցել իր հաշվին: Նա համարվել է թագավորած «ամս յիսուն եւ վեց» , այսինքն` 274-330թթ., չնայած հայտնի է, որ 274-293թթ. Հայաստանի գահին բազմած է եղել Սասանյան Ներսեհը: Որ դա իրոք այդպես է, երեւում է հետեւյալից: Տրդատի` Խորենացու բերած գահակալության առաջին տարին ճշտիվ համընկնում է Սասանյան Ներսեհի Հայաստանում գահ բարձրանալու տարվա հետ: Սասանյան արձանագրությունների հաղորդած տվյալներից հայտնի է, որ Որմիզդ-Արտաշիրը Հայաստանում թագավորել է մինչեւ 273թ. : Նրան հաջորդել է որդին`Որմզդակը` խորենացիական Շապուհը, որ այստեղ իշխել է «ցթագաւորելն Տրդատայ, ամ մի» , այսինքն` 273-274թթ.: Ուրեմն, Որմզդակին հայոց գահի վրա փոխարինած Ներսեհի գահակալելու տարին լինում է 274թ.: Հետընթաց հաշվարկով եւս Տրդատի գահակալման սկիզբն ընկնում է այդ նույն թվականին, որովհետեւ նրա գահակալության վերջին տարին 330թ. է. 330-56=274: Արդյունքում, Տրդատ III-ի հաշվին են գրանցվել ինչպես Ներսեհի գահակալած տարիները, այնպես էլ այն տարիներին «Հայոց մեծ թագավորի» ծավալած գործունեությունը` նրա ոճրագործություններն ու բռնարարքները ներառյալ:
Մեր պատմահորը ոչինչ հայտնի չէ Տրդատ III-ի կողմից Գրիգոր Լուսավորչին չարչարելու, նրան զնդան նետելու, Հռiփսիմեին եւ մյուս սրբուհիներին նահատակելու մասին: Նրան ոչինչ հայտնի չէ նաեւ Տրդատի եւ Գրիգոր Լուսավորչի վերած հեթանոսական տաճարների մասին: Իր երկի II գրքի վերջին գլխում, ընդհակառակը, նա պարզորոշ նշում է, որ քրիստոնեությունը եւս Հայաստանում բռնությամբ չէր տարածվել (այստեղ նա համամիտ է Սոզոմենոսի հետ): Միմյանց հետ համեմատելով հայոց Դարձի մեջ Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատի ունեցած վաստակները եւ առաջնությունը Գրիգոր Լուսավորչին տալով հանդերձ, Մովսես Խորենացին ավելացնում է. «Այլ զառաւելութիւն ասեմ աստ զթագաւորն. քանզի խորհելն յաղագս Աստուծոյ եւ ճգնազդեցիկն լինել՝ զոյգ երկոցունց. Իսկ նուաճել հաւանողական կամ բռնաւորական բանիւ՝ առաւել էր թագաւորին շնորհ. քանզի ըստ հաւատոցն ոչ ինչ կասեցուցանէր զգործսն» :
КТО БЫЛ МУЧИТЕЛЕМ ГРИГОРА ЛУСАВОРИЧА?
(Трдат Аршакуни или Нарсе Сасанян?)
Саргис Петросян
Резюме
По сообщению Мовсеса Хоренаци, епископ Кесарийский Фирмалиан описал, как в Армении многие из христиан приняли мученическую смерть от иноземных царей “до царствования Трдата, в годы безвластия (Хоренаци, II,75). Впоследствии, считая сасанидских царей Армении узурпаторами, аршакид Трдат III (298-330гг.) старался уничтожить память о них, в особенности память о своем предшественнике-сасаниде Нарсе. По Хоренаци (II, 92), Трдат царствовал 56 лет, т.е. в 274-330гг. Но известно, что с 274г. До 293г. В Великой Армении правил “великий царь армян” Нарсе. Это обстоятельство стало одной из причин того, чтобы спустя 100-150 лет приписать язычнику Трдату также и преступные деяния Нарсе. По Агатангехосу, в начале своего правления Трдат приказал заточить в темнице города Арташата известного проповедника Григора и предать мученической смерти дев Рипсимеанц. За это наказанный Богом царь был превращен в кабана. Когда по его приказу освободили святого, тогда и с царя спало звериное обличие. Надо заметить, что первоначально фольклорно-литературный образ Трдата никакого отношения не мог иметь к легенде о царе-кабане. Известно, что на сасанидских монетах портрет наследника обычно представлен в короне-кулахе, увенчанной головой какого-либо животного, в том числе кабана. Вероятно, кабаноголовые короны-кулахи носили также сасанидские цари Армении. В таком случае напрасно с именем Трдата связывают те скульптурные памятники Армении IV в., которые изображают кабанаголового царя. Историческим прототипом этого мифологического образа мог быть сасанид-Нарсе-ярый зороастриец, мучитель святого Григора и дев Рипсимеанц.
WHO WAS THE TORMENTOR OF GRIGOR LUSAVORICH?
(Tiridat Arshakuni or Narseh Sassanid?)
Sargis Petrosyan
Summary
At the beginning of his reign Arshakid Tiridat III (298-330 A.D.), still being pagan, ordered famous preacher Grigor to be imprisoned in dungeon. The king was punished for it and turned into a boar, as recorded by historian Aghatangeghos. When the king ordered to release Grigor the Christian from prison, the boar ace dropped from him. Folklore- literature image of Tiridat couldn’t have been originally connected with the legend of king-boar. The portrait of Prince Royal on Sassanid coin is represented in crown-kulah, decorated with the head o any animal, even the boar. The boar-headcrown-kulaks were probably worn by Sassanid kings of Armenia as well. Thus it seems groundless to connect the name of King Tiridat with the boar-head king depicted in the historical monuments of Armenia dating from 4th century. Historical prototype of this mythological image could evidently be considered Sassanid Narseh (274-293 A.D.), the predecessor o Tiridat III, an ardent Zoroastrian and the tormentor of St. Grigor, Ripsimeh and her fellow martyrs.
Փափուկ Կահույքի Քիմմաքրում, Qimmaqrum, ximchistka, химчистка, maqrum, qim maqrum, Gorgeri lvacum, ZL
Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬 Հեռ. 📲 095 780821, 📲094 780823 Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր Բազմոց - 5000 դր Բազկաթոռ - 2500 դր Գորգ և սալիկ - քմ-500դր Մատրաս - 4000 դ #qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий