6.12.2012

Թուրքիայի խրախուսանքը Ադրբեջանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից, թե իբրև ինքը մտահոգված է վերջին միջադեպերի արդյունքում միայն ադրբեջանցի զինվորների կորստից, ռասիզմի հոտ է գալիս այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորի հետ
համատեղ ասուլիսում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Երբևէ չենք լսել իրենից, որ ինքը մտահոգված լինի ադրբեջանցիների սադրանքների արդյունքում հայ զինծառայողների սպանություններով: Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է այս արյունալի միջադեպերը և կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, թուրքական կողմից այս կարգի հայտարարությունները, փաստորեն, խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները: Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքում, այլ նաև մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների` դիպուկահարների դուրսբերման, հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկները, թուրքական կողմը փորձում է Ադրբեջանի պատասխանատվությունը բարդել այլոց վրա և ձևացնում է, թե իբրև տեղյակ չէ, թե ում պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել Կազանում՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության գալու հարցում»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:
Ըստ նրա` 20 տարի առաջ, երբ Հայաստանը դեմ չեղավ Մինսկի խմբում Թուրքիայի ներգրավմանը` որպես անդամ, որոշ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան անաչառ կլինի և կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, սակայն անցած 20 տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ միայն անաչառ չէ, ոչ միայն չեզոք չէ, այլ նաև իր դիրքորոշմամբ վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: «Հետեւաբար` հարց է առաջանում` արդյո՞ք համատեղելի է Թուրքիայի նմանատիպ կեցվածքը Մինսկի խմբի անդամ լինելու հետ»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:


Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում