2.17.2012

Լեւոն Զուրաբյանի եւ Դավիթ Մաթեւոսյանի ելույթները ԱԺ լսումներում; 'Ճիշտ որոշում ընդունեք, քանի դեռ այդ հնարավորությունը ունեք:'

ԱԺ-ում փետրվարի 14 -ին տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որտեղ ելույթ ունեցան խորհրդարանում ոչ մի մանդատ չունեցող ՀԱԿ ներկայացուցիչները, կարդացեք նրանց ելույթները:
Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի հիմնական պատճառը` երկրում ստեղծված արատավոր քրեաօլիգարխիկ, ավազակապետական քաղաքական համակարգն է, որը ճնշում է ժողովրդի ազատ կամքի արտահայտումը, ձեւավորելով բռնապետություն` ժողովրդավարական ֆասադով: Փետրվարի 12-ին մեր հասարակությունը ստացավ եւս մեկ ապացույց, որ իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել անցյալից եւ կրկին պատրաստ են դիմել զանվածային ապօրինությունների, աձնագրային հաշվառումների կեղծարարության, վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընտրակաշառքի բաժանման` միայն թե պահպանեն ոչ լեգիտիմ ռեժիմի կառավարումը:

Մենք եկել ենք այս լսումների, քանի որ երկիրը սպասում է արմատական լուծումների: Դրանք մեր ժողովրդին պետք է հույս տան, որ իշխանության ոչ լեգիտիմության ճգնաժամը հնարավոր է լուծել սահմանադրական եղանակով, օրինական ընտրությունների միջոցով: Բոլորը պետք է հասկանան, որ այլընտրանքը` ժողովրդի անկառավարելի ընդվզումն է եւ հեղափոխական ցնցումներով հարցը լուծելու հակվածությունը:
Արատավոր ընտրական համակարգի եւ ընտրակեղծարարության պատճառով վտանգված է երկրի զարգացումը, կատարվել է ամենավտանգավորը` ժողովրդի օտարումը իշխանությունից: Մարդիկ լքում են երկիրը ոչ այնքան ծանր սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով, այլ, նախեւառաջ, որովհետեւ դադարել են մասնակից լինել սեփական երկրի կառավարմանը եւ կառուցմանը: Իշխանությունը այսօր ընկալվում է որպես բռնազավթիչների ավազակախումբ:

Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են ընտրական համակարգի առողջացման արմատական քայլեր: Միայն այդպես է հնարավոր վերականգնել ժողովրդի հավատը ընտրական գործընթացի վերաբերյալ, ստեղծել պետություն, որում իշխանությունը ընտրվում է, օգտվում ժողովրդի վստահությունից եւ հաշվետու է նրա առջեւ:

Հայ Ազգային Կոնգրեսը դեռ 2010 թվականի մարտի 15-ին ներկայացրել է ընտրական համակարգի վերափոխման մի ամբողջ փաթեթ, որի ընդունումը թույլ կտա առողջացնել ընտրական համակարգը: Փաթեթի առանցքային առաջարկներից մեկն է անցումը դեպի 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգը: Այդ առաջարկի շուրջ այսօր երկրի քաղաքական ուժերի միջեւ ձեւավորվել է աննախադեպ համաձայնություն: Այն հույս է ներշնչում, որ համատեղ ջանքերով հնարավոր է ապահովել բեկում:

Որո՞նք են մեր փաստարկները: Մեծամասնական ընտրական համակարգը Հայաստանում վերածվել է մեծագույն չարիքի: Այն իրականում դարձել է մի սիմբիոզ` տեղական օլիգարխների կամ “հեղինակություների” եւ իշխող կուսակցության միջեւ, որը գործում է հետեւյալ պարզագույն սխեմայով: Իշխանությունները հովանավորում են տեղական «հեղինակությանը»` վարչական ռեսուրսով եւ ընտրական հանձնաժողովներում կատարվող կեղծարարությամբ օգնում են ընտրվել մեծամասնական ընտրատարածքում, իսկ տեղական հեղինակությունը այդ ծառայության դիմաց ներդնում է ֆինանսական, ուժային եւ կրիմինալ ռեսուրսները` ընտրողների կաշառելու եւ ահաբեկելու նպատակով: Մեծամասնական համակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի այս առանցքային օղակը:

Միջազգային փորձի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ համասնական կամ մեծամասնական ընտրական համակարգերի միջեւ ընտրությունը տեսական կամ վերացական հարց չէ: Այդ համակարգերը ինքնին լավը կամ վատը չեն: Ամեն ինչ որոշվում է երկրի զարգացման եւ կոնկրետ ստեղծված վիճակի համատեքստում: Իտալիայում համամասնականից անցան մեծամասնական համակարգի ուժեղացմանը, քանի որ կոռումպացվել էին կուսակցական ապարատները: Իսկ հետո նորից հետ գնացին, որովհետեւ սկսել էին տեղերում կոռումպացման նույն երեւույթները, ինչը մենք ունենք այսօր Հայաստանում:

Այսօր բացառիկ շանս ունեք գնալու համաձայնության ճանապարհով: Մի տարեք երկիրը առճակատման: Փորձեք մեկ քայլ կատարել ընդդիմությանն ու հասարակությանն ընդառաջ: Իսկ եթե նորից համառեք, չզարմանաք հետեւանքների համար: Այսօր մենք միայն զգուշացնում ենք, իսկ որոշում եք դուք: Ճիշտ որոշում ընդունեք, քանի դեռ այդ հնարավորությունը ունեք:
___________________________
 Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Մաթեւոսյանի
ելույթը նույն լսումներում.
Մեր իրականության մեջ գաղափարների նկատմամբ հասարակության ունեցած կարծիքի և այդ կարծիքի նույնությամբ Ազգային Ժողովում արտացոլելու մեխանիզմի կատարելագործման անհրաժեշտություն զգացվում էր դեռ 90-ականների վերջին։ Այն ժամանակ՝ որպես ԱԺ պատգամավոր, հանդես եկա օրենսդրական նախաձեռնությամբ՝ ի դեպ փարատելով Դավիթ Հարությունյանի բոլոր անհանգստությունները։ Նախագծով ոգևորված էր նույնիսկ հանրապետականը, որը, սակայն, առաջնորդվելով կորպորատիվ հաշվարկներով՝ ԱԺ կանոնագրքի կոպտագույն խախտումներով նախաձեռնությունը հանեց քննարկումից՝ պահպանելով մեծամասնական համակարգը։ Արդյունքում՝ վարչական, ֆինանսական ու կրիմինալ ծավալուն ռեսուրսներ գործադրած հանրապետականն անգամ համախմբված ըընդդիմության բացակայության պայմաններում, 2007 թ. ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով կարողացավ յուրացնել ընդամենը 34 % ձայն, սակայն, շնորհիվ մեծամասնական համակարգի՝ ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն։ Սա անբնական իրողություն է, որի կարգավորման համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, որն է՝ մեծամասնական համակարգի շուտափույթ վերացումը։ Հանրապետականը, քողարկելով իր կորպորատիվ շահը, փորձում է հիմնավորել, թե մեծամասնական համակարգի պահպանումը որևէ կուսակցության անդամակցել-չցանկացող քաղաքացու՝ պատգամավոր ընտրվելու իրավունքից բխող անհրաժեշտություն է։ Բայց, հարց է առաջանում, նման մոտեցման դեպքում ինչու չեն վերացնում համամասնական համակարգն ընդհանրապես։ Իսկ կգտնվի արդյոք գոնե մեկը, որը կհավատա, թե 2008թ. մարտի 1-ին Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքն իրացնող քաղաքացիների գնդակահարության ու զրկանքների պատասխանատու հանրապետականը ցավում է մարդու ու նրա իրավունքների համար:
Եվ վերջում, մի պահ հավատանք, որ մեծամասնական համակարգը պահպանելու հանրապետականի մղումը իրոք բխում է քաղաքացու իրավունքից։ Ի՞նչն է այդ դեպքում խանգարում ողջ հանրապետության տարածքը դարձնել մեկ մեծամասնական ընտրատարածք, ինչպես արվում է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ուր իրենց ընտրվելու իրավունքը կփորձեն իրացնել բոլոր օլիգարխները, թաղային հեղինակությունները և մյուս ցանկացողները։ Կարելի է նույնիսկ այդ հանգամանքով առաջադրվողներին օրենքով թույլատրել ընտրակաշառք բաժանելը, և անգամ սահմանել ընտրակաշառքի դրույքաչափի նվազագույն շեմ։
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում