12.26.2011

Վալերի –Աշխեն Գործունյանը վաճառում է իր ընկերությունը /վիդեո/(լրացված)

Ինչպես գիտեք «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր՝ Վալերի –Աշխեն Գործունյանը վաճառում է իր ընկերությունը եւ հեռանում է Հայաստանից: Իր այս հարցազրույցում նա ասում է. "Իմ կյանքի 16 տարվա հոգին եմ վաճառում", նա ցավով եւ ստիպված գնում է այդ քայլին, նաեւ վախեցնում է այն իրավիճակը, որ ամբողջ ժողովուրդը լքում է Հայաստանը, -ասում է նա:  «Իմ որոշումը կապված է նրա հետ, որ անցյալ տարի 80 միլիոնի ակտ էին գրել, ինչից հետո ես ստիպված եղա վաճառել «Փարիզյան Սուրճի» մի մասը: Այսօրվա իմ որոշումը դրա շարունակությունն է: Պետությունն ինձ այդ հարկերով խեղճացրեց, ու հիմա ես փող չունեմ իմ գործը շարունակելու համար: Ես նրանց ասացի, որ միլիարդատեր չեմ, Քըրք Քըրքորյանը չեմ՝ միանգամից այդ գումարը վճարելու համար, իմը միջին կարգի ՍՊԸ-է, և նրանցից 1-2 տարի խնդրեցի դա վճարելու համար, բայց ինձ մերժեցին»,  -ավելի ուշ մանրամասնել է նա: Մոտ 20 օր առաջ, երբ Աբովյան 23 հասցեում գտնվող նրան պատկանող սրճարանը Երևանի քաղաքապետարանի կողմից ապամոնտաժվում էր, Գործունյանը  մեկ այլ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի իշխանությունը վերջին շրջանում մշտապես խոչընդոտներ է ստեղծում իր բիզնեսի առջեւ: ...

Գործունյանի այսօրվա հարցազրույցը Epress.am-ին:

«16 տարի ողջ ունեցվածքս ներդրել եմ Հայաստանում եւ համարվում եմ առաջին ներդրողներից, սակայն մինչ օրս մեր իշխանությունը միայն խոչընդոտներ է ստեղծել թե իմ, թե իմ ղեկավարած ընկերությունների համար: Ցավում եմ, որ, հեռանալով Հայաստանից, թողնում եմ լավագույն ընկերների, ում ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում: Այս պետությունը չի մտածում, որ Հայաստանը պետք ունի սփյուռքահայության և երկիրը շտկելու համար օդի ու ջրի պես անհրաժեշտ է դրսի աջակցությունը: Իմ օրինակը դաս կլինի շատերի համար, ովքեր կզգուշանան Հայաստանում ներդրումներ անել: Պետական մարմինները ընտրվում են այս երկրի հոգսը թեթեւացնելու, ժողովրդին ու տնտեսությանը ծառայելու, միջոցներ ստեղծելու համար… բայց եթե նրանք ի վիճակի չեն ժողովրդին օգնել, ուրեմն պետք չէ, որ իրենք մնան
», – ասել է տիկին Աշխենը:

Վալերի-Աշխեն Գործունյանի խոսքով՝ իշխանությունների արշավն իր դեմ նոր չի սկսվել, «Փարիզյան սուրճի» սեփականատերը համոզված է, որ հայաստանյան իշխանությունը խանգարելու է իրեն նաեւ «Փարիզյան սուրճի» վաճառքի հարցում:

«Չորս տարի առաջ ամուսնուս հետ ծագած անձնական խնդիրները դարձան իմ նկատմամբ ոտնձգությունների պատճառը: Ի սկզբանե ամուսինս բիզնեսին տիրանալու մեծ նկատառումներով տարատեսակ դավադրություններ էր ստեղծում ինձ համար: Ի վերջո, սերտ հարաբերություններ ունենալով ներկա իշխանավորների հետ և չկարողանալով խլել ունեցվածքս, պետական մակարդակով սկսվեցին իմ նկատմամբ հետապնդումները: Արդարադատությունն օգնեց, որ ամուսնալուծությունից հետո ամուսինս տիրանա իմ երկու բնակարաններին, սակայն «Փարիզյան սուրճին» տիրանալ չհաջողվեց: 2010 թվականի օգոստոսի 10-ին հարկայինը ստուգումներ անցկացրեց իմ ընկերությունում ու խախտումներ արձանագրեց հաշվապահական հաշվարկներում: Ինձ ներկայացրեցին 48 միլիոնի դրամի ակտ, որը պարտավոր էի վճարել շատ կարճ ժամանակահատվածում: Երբևէ չլսած ու չտեսնված բաների ականատես ու ականջալուր եղա Հայաստանում ու հասկացա, որ հարկայինի հետ խնդիրներ ունեցողը խնդիրներ ունի ոչ միայն արդարադատության, այլ մի շարք գերատեսչությունների հետ: Պարզվեց, որ օրական ավելացող տոկոսների արդյունքում գումարը դարձավ 80 միլիոն դրամ», – ասել է նա:

Գործունյանը պատմել է, որ ինքը դիմել է Սեռժ Սարգսյանի Վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու այլ պատկան մարմիններին՝ արդարության ակնկալիքով:

«Ինձ զարմացրեց մեր դատավորների ու իշխանական մարմինների վերաբերմունքը: Դատավորները կաշառված են, չկա արդարադատություն: Ինձ պարտադրեցին սեղմ ժամկետում մարել պարտքս: Սփյուռքահայությունը նույնպես արձագանքեց եւ ընկերներիցս ոմանք դիմեցին վարչապետին՝ ժամանակ տրամադրելու համար, սակայն վարչապետը մերժեց: Վահե Պետրոսյանը, ում ընկերությունը զբաղվում էր իմ ընկերության հաշվապահությամբ եւ ում գործունեության արդյունքում գոյացել էր այդ պարտքը, լավ ծանոթ լինելով հայաստանյան օրենքներին, ոչինչ չուներ իր անունով, հետեւաբար նրա ու նրա ղեկավարած հաշվապահական ընկերությունը չէր կարող մարել այդ պարտքը:

Չունենալով այդ գումարը, ես ստիպված վաճառեցի ինձ պատկանող սուրճի բովարանն ու մարեցի պարտքս», – ասել է ֆրանսիացի գործարարը:

«Փարիզյան սուրճի» սեփականատերը այսօր նորից պնդեց, որ իր դեմ անընդհատ տարբեր միջոցներ են կիրառվում:

«Ես չգիտեի, որ «Փարիզյան սուրճի» տակ մոլիբդենի հանք կա , այլապես ինչու են հայաստանյան իշխանավորները հետաքրքրված այս ընկերությունով: Այսօր արդեն դրված է վերջակետը, ու «Փարիզյան սուրճը» հանված է վաճառքի: Ես հեռանում եմ Հայաստանից՝ հիասթափված ու խորը ցավով: Ամեն ինչ արեցի` փրկելու իմ հիմնած ու փայփայած ընկերությունը, սակայն ապարդյուն: Միակ նպատակս այն է, որ ինձանից հետո «Փարիզյան սուրճն» ունենա առաքինի տեր, ոչ թե ինչ-որ անթրաշ, հաստավիզ ու տգեղ մեկը գա ու տիրանա այս ամենին: Ուզում եմ, որ իմ աշխատողները մնան ու լինեն ապահով ձեռքերում: Կմեկնեմ Փարիզ ու կզբաղվեմ իմ սիրելի բիզնեսով, որը կհիմնեմ հայաստանյան հիշողությունները ջնջելուց հետո», – ասել է Գործունյանը:

«Ես այս ժողովրդի մի մասն եմ, ես թաղել եմ իմ ընկերներին Եռաբլուրում, մասնակցել եմ ղարաբաղյան պատերազմին: Այս ամենն արել եմ իմ կամքով ու այսօր սարսափում եմ, երբ տեսնում եմ, որ օր առաջ հայաստանցիները լքում են Հայաստանը: Ես ահավոր մտահոգված եմ, որ մարդիկ հիասթափված հեռանում են ու հեռանում են գրագետ ու գործունյա մարդիկ: Զարգացած մարդուն այստեղ ճնշում ու ճզմում են, այստեղ ամեն գեղեցիկ բան վերացվում ու խորտակվում է հաստավզերի ու անթրաշների կողմից»:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում