2.24.2012

Աթար վառեք, աթա՛ր

Շարունակում եմ բլոգում տպել հայկական մամուլի, իմ կողմից նկատված իմ կարծիքով առավել հետաքրքիր նյութերը.
Հոդվածը ամբողջությամբ կարդացեք Հայկական Ժամանակում:

Հայաստանի Հանրապետությունում, պարզվում է, կան ոչ միայն քաղաքական բանտարկյալ եւ հալածյալ անձինք, այլեւ բնակավայրեր: Մի շտապեք այս պնդումը չափազանցություն համարել, ավելի լավ է հանգիստ տեղավորվեք եւ ծանոթացեք Արարատի մարզի Ջրաշեն գյուղի պատմությանը: 2008-ի նախագահական ընտրություններից հետո գազի մայրուղային խողովակը մտցվել է գյուղ, եւ իշխանությունները խոստացել են, որ եթե նախագահական ընտրություններում Ջրաշենը քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին, բնակիչներն իրենց տները բնական գազ քաշելու հնարավորություն կունենան: Սակայն, «սարսափելի» բան է տեղի ունեցել. նույնիսկ պաշտոնական արդյունքներով` Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ է տարել, ձայների ավելի քան կրկնակի առավելությամբ: Արդյունքն այն է, որ շրջակա բոլոր գյուղերի բնակիչները գազ ունեն, իսկ ջրաշենցիք` ոչ: Հասկանալի է, որ այդ կողքի գյուղերում Սերժ Սարգսյանը հաղթել է պաշտոնական արդյունքներով: Դրանից հետո, սակայն, իրադարձությունները զարգացել են ավելի դրամատիկ սցենարով: Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած շատ ու շատ գյուղերում չնայած մարդիկ գազ ունեն, բայց բնակարանների ջեռուցման համար չեն օգտագործում, որովհետեւ Սերժ Սարգսյանի Բաղրամյան 26-ում հայտնվելուց հետո գազը թանկանում է ու թանկանում: Եւ շատ գյուղացիներ ստիպված են աթար վառել, ինչպես ժամանակին նրանց խորհուրդ էր տալիս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Գազ չկա, փող չկա. սաղ լավ ա
Արարատի մարզի Ջրաշեն գյուղը այն համայնքներից է, որտեղ 2008 թվականի նախագահական ընտրություններում հաղթել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:


Ընտրությանը մասնակցած 847 ջրաշենցիներից 176-ը իրենց ձայնը տվել էին Սերժ Սարգսյանին, 484-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանին: 2008-ի ընտրություններից առաջ իշխանությունները խոստացել էին գյուղը գազաֆիկացնել, գազը հասցրել են գյուղ, սակայն այդ աշխատանքները կիսատ են մնացել ընտրությունների արդյունքների պատճառով: Առաջիկայում էլ խորհրդարանական ընտրություններ են, իսկ նոր գյուղապետ Արտյոմ Ղազարյանը վերջերս է ՀՀԿ-ին անդամակցել: Հենց նա էլ երեկ մեզ պատմել է, թե ինչպես է նախորդ ընտրություններից հետո գյուղը պատժվել` Սերժ Սարգսյանին չընտրելու համար մնալով առանց գազի:

- Պարոն Ղազարյան, գյուղում մոտավորապես քանի՞ բնակիչ կա հիմա:
- 450 տնտեսություն, 2000 բնակիչ:

- Ինչո՞վ են զբաղվում գյուղացիները:
- Հիմա զբաղված են գումար հայթայթելով, որ սելիտրա առնեն, գարունը շուտ կամ հիմա սելիտրա տան ցորենին, ծառերին:

- Իսկ այդ գումարները որտեղի՞ց են հայթայթելու:
- Մեկը վարկ է վերցնում, մեկը պարտքով է վերցնում, տենց էլի, յոլա են գնում, գյուղ է, չգիտե՞ս:

- Շա՞տ մեծ թիվ են կազմում վարկ վերցնողները:
- Այո, մեծ թիվ են կազմում:

- Մոտավորապես քանի՞սը վարկ վերցրած կլինեն:
- Մի երեք հարյուրը վարկ վերցրած կլինեն:

- Որքան հիշում եմ` գազի խնդիր ուներ, չէ՞, գյուղը:
- Այո, ունի, հիմա էլ ունի:

- Գյուղում գազ չկա՞:
- Գյուղ մտած է, բայց փողոցներում չկա:

- Այսինքն` կան մարդիկ, որ գազ օգտագործո՞ւմ են:
- Մի երեւի 15 բաժանորդ:

- Ովքե՞ր են, ո՞նց է ստացվել:
- Էն, որ մագիստրալը եկել, մտել է գյուղ, իրենց տան մոտով անցել է, մագիստրալից քաշել են իրենց տները, տան մոտով է անցնում: Էդքանը ուղղակի:

- Հիմա դժվա՞ր է բոլորի տները հասցնելը:
- 120 միլիոն դրամ է կազմում:

- Իսկ գազը ե՞րբ է հասցվել:
- Դա երեւի` 2007 թվին:

- Ընտրություններից առաջ:
- Այո:

- Այդ ժամանակ դուք գյուղապե՞տ էիք:
- Ոչ: 2008 թվականի հոկտեմբերից եմ գյուղապետ:

- Փաստորեն, նախորդի օրոք է բերվել, բայց տները չի հասցվել:
- Այո, դե՛ փոքր գյուղ է, բյուջեն չի հերիքացնում, էդ ա, ի՞նչ անենք:

- Կառավարությունը չի՞ օգնում: Հիմա ինչ-որ հույս կա՞, որ գոնե առաջիկայում կլինի գազ:
- Ես ինչ գյուղապետ եմ, խոստումները կան, տենց միշտ կա: Նախագահական քարոզարշավի ժամանակ խոստումներ կային, որ 2008թ. պիտի աշխատանքները սկսվեր գազաֆիկացման: Դե, ամեն տարի ասում են` էս տարի կանենք, մյուս տարի կանենք, մի ամսից կանենք, մի շաբաթից կանենք, մինչեւ հիմա էսօր-էգուց ա:

- Ո՞վ է ասում:
- Դե, խոսքի օրինակ` որ դիմում ենք որտեղ որ է: Վարչապետին էլ եմ դիմել, մարզպետին էլ:

- Իսկ ի՞նչ են պատասխանել:
- Պատասխանել են, որ մոտակա ծրագրերի մեջ կընդգրկենք: Մի քանի ծրագրերում ընդգրկել են: Արդեն գալիս է օրը, որ պիտի սկսվի, էդ ծրագիրը հեչ ա լինում: Եսիմ, ես չեմ իմանում ոնց է լինելու:

- Մայիսին ընտրություններ են, ընտրությունների հետ կապված խոստումներ նորից չե՞ն տալիս:
- Դեռ ոչ, ոչ մեկ ոչ մի խոստում դեռ չի տվել:

- Դուք ՀՀԿ-ից եք, չէ՞: Դիմե՞լ եք կուսակցությանը:
- Այո, դիմել եմ, նրանք շուտով կգան, տեսնենք` ինչ են խոստանալու, ինձ թվում է` խոստումներ կանեն գազի շուրջ:

- Ասում են, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո արդեն գազ պետք է լիներ, բայց քանի որ գյուղում Սերժ Սարգսյանը չի հաղթել, դրա համար «պատժել են», այսպես ասած` զրկելով գազից:
- Երեւի, հնարավոր է, ի՞նչ իմանամ, չգիտեմ:

- Ուրիշ ի՞նչ խնդիրներ կան:
- Մանկապարտեզ չունենք: Ճանապարհները ահավոր վիճակ է:

- Այս 4 տարիների ընթացքում որեւէ ձեւով հնարավոր չի՞ եղել, որ կարողանաք այդ հարցերը լուծել:
- Դե, ճանապարհների հարցերը` հնարավորության սահմաններում մենք փոսալցումները կատարել ենք, դե փոքր գյուղ է, ի՞նչ միջոց ունենք, ինչքա՞ն պետք է կարողանանք կատարել: Տարեկան մեկ-երկու անգամ` դա շատ քիչ է: Պիտի հիմնովին արվի: Դպրոցի ջեռուցումը գյուղապետարանի հաշվին ենք արել, իսկ պատուհանները եւ կտուրը` կառավարության հատկացրած միջոցներով:

- Ձեր գյուղի կողքի գյուղերը ունե՞ն էդ հարմարությունները, ասենք` գազ, մանկապարտեզ:
- Հա, իհարկե, ունեն:

- Ինչպե՞ս է ստացվել:
- Չեմ կարող ասել, դե եսիմ` գյուղ է, էն ժամանակ ընդդիմադիր է եղել երեւի, էդ կարգի, բայց ինձ չի թվում, որ ընդդիմադիրությունը պիտի եղանակ փոխեր: Չգիտեմ:

- Ո՞նց է հենց ձեր գյուղը ընդդիմադիր եղել:
- Նախկին գյուղապետը ընդդիմադիր էր, դե գյուղն էլ հետն էր դառնում ընդդիմադիր, էլի: Շատ բաներից զրկվում էր, դրա համար էլ էս օրին ենք:

- Դրա համա՞ր են հանել նախկինին:
- Չեն հանել, չի ընտրվել:

- Իսկ ձեզ կուսակցությունը աջակցե՞ց, որ ընտրվեք:
- Ճիշտն ասած, ես անկուսակցական էի, որ ընտրվեցի, նոր եմ դառել կուսակցական:

- Բա ո՞նց որոշեցիք դառնալ կուսակցական:
- Դե որոշվեց, էլի:

- Պարտադրե՞լ են:
- Չէ, չէ, ո՞նց կարող են պարտադրել:

- Երեւի դարձել եք, որ գյուղը չտուժի: Գոնե հիմա օգնեն:
- Կօգնեն, կօգնեն, տեսնենք:

- Վստահեցրել են, որ կօգնե՞ն:
- Հա:

- Գյուղում հիմա արդեն փոխվե՞լ են տրամադրությունները, էլ ընդդիմադիր չե՞ն:
- Իհարկե, իհարկե, փոխվել են:

- Ընդդիմադիր չե՞ն:
- Չէ, չէ, այ ցավդ տանեմ:

- Ո՞նց փոխվեց, դո՞ւք փոխեցիք:
- Մթնոլորտը փոխվեց:

- Ինչի՞ հետ կապված: Վիճա՞կն է լավացել, թե դուք եք ստիպել:
- Այո, այո:

- Երկրի վիճա՞կն է լավացել:
- Այո:

- Ի՞նչն է լավացել` օրինակ:
- Ինձ էլ հարմար չի, ես հիմա չեմ կարող խոսել:

- Լավ, երկու հարց էլ տամ...
- Ասեք:

- Ի՞նչն է լավացել, երբ փաստորեն ձեր գյուղը ոնց կար` առանց գազի, մանկապարտեզի, այդպես էլ մնացել է...
- Մեր համար... լավ, մի քիչ հետո ես կզանգեմ, կխոսենք, հիմա հեչ հարմար չի:

Գյուղապետն, իհարկե, էլ չզանգեց:
Սյուզաննա Պողոսյան -
Փետրվար 24, 2012 Հայկական Ժամանակ
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий